Պերմյակովը կպատժվի միայն Ռուսաստանում

Հայկական դատարանը, ինչպես և սպասվում էր, ցմահ ազատազրկման դատապարտեց 2015 թվականի հունվարին Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանությունն իրականացրած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին։ Դատարանը՝ հղում անելով ինչ-որ իրավական ձևակերպումների ու հոդվածների, հրապարակեց դատավճիռը՝ առանց հրապարակելու, թե ինչ ռեժիմում է Պերմյակովը կրելու պատիժը և որտեղ է կրելու պատիժը։ Հայկական դատարանը դա չհրապարակեց, որովհետև հայկական դատարանը չէ Ռուսաստանի քաղաքացու, առավել ևս՝ ռուսական բանակի զինվորի գտնվելու վայրի որոշողը։ Եթե անգամ նա սպանդի է ենթարկել մի ամբողջ ընտանիքի։

Ու մինչ հայկական դատարանը չհրապարակեց Պերմյակովի՝ ապագայում գտնվելու վայրի ու ռեժիմի մասին տեղեկությունները, հայկական մամուլը հրապարակեց տեղեկություն, որ Պերմյակովը պատիժը կրելու է Ռուսաստանում՝ փոխանակվելու է ճանապարհատրանսպորտային դժբախտ պատահարի արդյունքում մարդկանց մահվան պատճառ դարձած ու Ռուսաստանում ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի հետ։

Առաջիկայում, ըստ ամենայնի, այդ մասին կհայտարարվի պաշտոնապես։ Իսկ եթե չհայտարարվի էլ, այսինքն՝ եթե Պերմյակովը մնա Հայաստանում, պետք է պահանջել, որպեսզի նա տեղափոխվի Ռուսաստան։ Որովհետև նրա տեղը հենց Ռուսաստանում է, որովհետև հենց Ռուսաստանն է այն բոլորի տեղը, որոնց համար մարդու կյանքը գրոշի արժեք չունի։ Որովհետև Ռուսաստանն է այն տեղը, որտեղ կյանքի ու հանգամանքների բերումով վերանում է Պուտինի կողմից պահպանվող ու Պուտինի շահերը սպասարկող ամեն ինչ։

Սկսած ԿԳԲ-ի գործակալներից՝ մինչև, վերջին հաշվով, պետություն։

Բայց ամենակարևորը՝ հենց Ռուսաստանն է այն տեղը, որտեղ, ինչպես ընդունված է ասել, արտադատական կարգով հնարավոր է Պերմյակովին պատժել՝ ցանկության դեպքում։ Իսկ նման ցանկություն վստահաբար ունեն և ունենալու են ամենատարբեր խավերի ներկայացուցիչներ՝ սկսած նրանցից, ովքեր տեղի ունեցածը համարում են քաղաքական ակտ, վերջացրած նրանցով, ովքեր չգիտեն՝ ինչ է քաղաքականությունը, բայց պատժում են մարդկանց ու, առավել ևս, երեխաներին սպանողներին։ Դա հնարավոր է Ռուսաստանում, որովհետև Ռուսաստանում է հնարավոր որևէ «կլյուչնիկի» կաշառելով կամ հարբեցնելով հարց լուծել։ Հայաստանում դա ևս հնարավոր է ու տարածված։ Բայց սա այդ պարագան չէ։

Սա այն պարագան է, որում պետությունը Պերմյակովին կպահի ու կպահպանի բոլոր հնարավոր կողպեքների տակ ու անվտանգության բոլոր հնարավոր միջոցներով։ Իսկ երբ պետությունը հանձնարարում է պահպանել անգամ հայրենակիցներին կացնահարածներին, ապա աշխարհի ու հատկապես Հայաստանի որևէ «կլյուչնիկ» ու «զոն նայող» չի համարձակվի դիպչել Պերմյակովի մազին։

Իսկ Պերմյակովին պետությունը կարող է որոշել պահպանել ու կորոշի պահպանել՝ որպես սիմվոլ, որպես հայ-ռուսական հարաբերությունների խորհրդանիշ։ Որովհետև Պերմակյովը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ արել է այն, ինչ արել և անում է Ռուսաստանը Հայաստանի հետ։

Պերմյակովը պետականասպանության խորհրդանիշն է։ Իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է՝ առանձնակի մազոխիզմով են սիրում ու պահպանում ողբերգություն ու ողբերգականություն պարունակող խորհրդանիշները։ Այնպես որ՝ պետք է օր առաջ սկսել հանրային շարժում՝ «Պերմյակովին՝ Մագադան» կարգախոսով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս