Բաժիններ՝

«Պետք չէ ո՛չ դավաճան հանել «Սասնա ծռերին», ո՛չ էլ հերոսացնել». Լյուդմիլա Սարգսյան

«Այն, ինչ «Սասնա ծռերն» արեցին, ոչ մի արդյունք քաղաքական առումով չտվեց, ու չեմ կարծում, որ դրանից մեր երկիրն ուժեղացավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՎՍԴՀԿ) ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

Նա նշեց, որ ինքը շատ հարգանքով է վերաբերվում այդ թիմի շատ անդամների, բայց կարծում է, որ զենքի ուժով Հայաստանում հարցեր լուծել անհնար է և չի կարելի, որովհետև, ըստ նրա, ի սկզբանե պարզ էր, որ իշխանությունն ունի հնարավորություն այն ճնշելու: Լ. Սարգսյանը գտնում է՝ «Սասնա ծռերի» տղաների հաշվարկը մակերեսային էր, և հաշվի չէր առնված և՛ սեփական, և՛ իշխանության ռեսուրսները, նաև հաշվի չէին առել, թե ինչքան ժողովուրդ կարող են մոբիլիզացնել դրա արդյունքում:

«Ինչպես տեսաք, 5-7 հազարից չանցավ ժողովրդի թիվը: Պետք չէ ո՛չ դավաճան հանել «Սասնա ծռերին», ո՛չ էլ հերոսացնել, եթե մենք հերոսացնում ենք նման գործողությունները, մենք հնարավորություն ենք ստեղծում և արդարացնում ենք հետագա նման զինված խմբավորումների գործողությունները: Ի սկզբանե մեր կուսակցությունը դատապարտել է նման գործելաոճը, և ես նորից այն կարծիքին եմ, որ նման պատերազմական իրավիճակում գտնվող երկրում նման ցնցումներ ուղղակի չի կարելի թույլ տալ: Ինքներդ եք տեսնում՝ ինչի՞ հասան տղաները, բայց ունեցանք 3 ոստիկանի մահ, չէ՞ որ նրանք էլ հայ են, ինչքան էլ բողոքենք Ոստիկանության գործողություններից, մենք հասկանում ենք, որ նրանցից ամեն մեկը մի ընտանիքի ճրագ էր: Նրանք այնտեղ կանգնած՝ փորձում էին պաշտպանել մեր պետականության շահերը, խոսքը չի վերաբերում Սարի Թաղի իրադարձություններին, որը նույնպես դատապարտելի է, բայց չէ՞ որ տղաների արարքի մեջ էլ դատապարտելի բաներ կան»,- նշեց Լ. Սարգսյանը:

Նրա խոսքով՝ տղաների հաշվարկի սխալը նաև այն էր, որ նրանք քաղաքական հարթակի ձևավորմանը դեմ էին, ու այդպես էլ քաղաքական հարթակ չձևավորվեց. «Հավանաբար մտածեցին, որ առաջնային կդիտարկվեն արդեն քաղաքական ուժերը, և դա իրենց ինչ-որ տեղ վիրավորում էր: Բայց եթե նրանց նպատակն իշխանություններից ազատվելն էր, ու եթե նրանք նեղ անձնային շահեր չունեին, նրանք պետք է թույլ տային, որ ձևավորվեր քաղաքական հարթակ, օրակարգ, որը պրոցես կտաներ»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս