Շոյգուն Բաքվում հարգանքի տուրք է մատուցել շահիդների հիշատակին
Բաքվում գտնվող ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է Շահիդների ծառուղի: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA կայքը:
Հաղորդվում է, որ երեկվանից ՌԴ ՊՆ պատվիրակության հետ Ադրբեջանում գտնվող Շոյգուն հարգել է Հեյդար Ալիևի հիշատակը, ծաղիկներ է դրել ակադեմիկոս Զարիֆ Ալիևայի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մուսլիմ Մագոմաևի գերեզմաններին:
Շոյգուն այցելել է նաև Շահիդների ծառուղի և ծաղիկներ դրել «Անմար կրակի» մոտ:
Հիշեցնենք, որ Շահիդների ծառուղին գտնվում է Բաքվի կենտրոնում: Այստեղ են թաղվում Ադրբեջանի համար իրենց կյանքը զոհած զինվորականներն ու զինծառայողները: Ղարաբաղյան հակամարտության գոտում մահացած զինվորականներին ևս Ադրբեջանում շահիդ են կոչում և թաղում այդտեղ: