Շանհայի նոր «Դիսնեյլենդը» 2 ամսում ավելի քան 1 մլն այցելու է ընդունել

Չինաստանի Շանհայ քաղաքում գտնվող զվարճալիքների «Դիսնեյլենդ» ամենախոշոր թեմատիկ զբոսայգին իր աշխատանքի երկու ամսից էլ պակաս ժամանակաշրջանում ընդունել է ավելի քան 1 մլն այցելուների: Այդ մասին հայտնել է Չինաստանի միջազգային ռադիոն (ՉՄՌ):

«Մենք արդեն 1 միլիոնից ավելի հյուրերի ենք ընդունել հունիսի 16-ին մեր պաշտոնական բացման պահից: Նրանց տպավորություններն այն ամենն էին, ինչի հույսը մենք ունեինք, եւ նույնիսկ ավելին»,- ՉՄՌ-ն մեջբերում է The Walt Disney ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերի խոսքը:

Նա նաեւ նշել է, որ հյուրանոցների բեռնվածությունը կայունորեն պահվում է 95 տոկոս մակարդակի վրա:

Զբոսայգին գտնվում է Պուդունի շրջանում եւ զբաղեցնում է 3,9 քառակուսի կիլոմետր տարածություն: Նա նաեւ առաջին «Դիսնեյլենդն» է մայրցամաքային Չինաստանում: Մուտքի սովորական տոմսի գինը կազմում է 370 յուան (շուրջ 56 դոլար), սակայն հանգստյան եւ տոնական օրերին այն հասնում Է 499 յուանի (մոտավորապես 76 դոլար):
Ավելի վաղ զբոսայգու ներկայացուցիչները կանխատեսում էին, որ առաջին տարում Շանհայի «Դիսնեյլենդ» կայցելի 12 մլն մարդ, հետագայում այդ թիվն ամեն տարի կմեծանա 3-5 միլիոնով:

Ընկերությունում նշում են, որ նախագիծը տարեկան մոտավորապես 4,4 մլրդ յուանի (667,9 մլն դոլար) չափով եկամուտ կբերի: Չինական զբոսաշրջության համար տնտեսական արդյունքը իշխանությունները գնահատում են 35 մլրդ յուան (5,3 մլրդ դոլար):

Շանհայի զվարճալիքների զբոսայգին ամերիկա-չինական նախագիծ է, որի հիմքում ընկած են տեղական եւ արեւմտյան դիզայներների մտահղացումները:
Արդյունքում՝ ինչպես նշում են մշակողները, իրենց հաջողվել է ստեղծել համալիր գործ, որը շահավետորեն տարբերվում է ինչպես ՉԺՀ-ի, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվող նմանատիպ զբոսայգիներից:

Մտահղացման հեղինակներն են Walt Disney ընկերությունը եւ նրա տեղական գործընկերը՝ Shanghai Shendi Group-ը: Նրանք մայրցամաքային Չինաստանի տարածքում «Դիսնեյլենդի» առաջին զբոսայգու շինարարության գործում համատեղ ներդրել են 5,5 մլրդ դոլար: Այս ներդրումային նախագիծը համարվում է երկրի առավել թանկարժեք նախագծերից մեկը. դրանում Walt Disney-ի բաժինը կազմում է 57 տոկոս, մնացածը պատկանում է չինական կապիտալին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս