Instagram Stories. Ինչո՞ւ և ինչպե՞ս օգտագործել սոցցանցի նոր հնարավորությունը
Instagram-ում նախորդ շաբաթվանից հասանելի է դարձել Instagram Stories գործառույթը, որի շնորհիվ հնարավոր է սոցցանցում կիսվել անձնական պատմություններով:
Առաջարկում ենք ծանոթանալ սոցցանցի նոր հնարավորությանը և հասկանալ, թե ինչո՞ւ և ինչպե՞ս է պետք օգտագործել այն:
Stories-ի միջոցով հնարավոր է պատրաստել 10 վայրկյանանոց տեսանյութ, որտեղ հնարավոր է ավելացնել տեքստ, իմոջիներ, և այլն: Այս պատմությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք ջնջվում են 24 ժամ հետո:
Ըստ սոցցանցի ստեղծագործական թիմի ներկայացուցիչների՝ այս գործառույթը ստեղծված է ոչ այնքան կարևոր գրառումների համար: Կան բազմաթիվ լուսանկարներ, որոնք ինչ-որ կոնկրետ բան ներկայացնելու համար են և զբաղեցնում են սոցցանցի հիշողությունը: Հենց նման ոչ կարևոր գրառումներով կիսվելու համար էլ ստեղծված է Instagram Stories-ը:
Այս գործառույթը շատ նման է Snapchat-ին: Փոքրիկ պատմությունները տեղակայված են նորությունների պատի վերին հատվածում: Սկզբում երևում են ավելի շատ հավանումներ և մեկնաբանություններ ունեցող պատմությունները:
Երբ դիտում եք օգտատերերի պատմությունը, ավարտից հետո նույն օգտատիրոջ մյուս պատմությունները, ըստ հրապարակման ժամանակի, ևս կցուցադրվեն ձեզ:
Ձեր դիտած պատմություններն առանձնանում են մոխրագույնով:
Ձեր արած մեկնաբանությունը հասանելի է միայն տեսանյութի հեղինակին, այն էլ՝ անձնական հաղորդագրության տեսքով:
Ձեր տեսապատմությունը հրապարակելուց հետո կարող եք հետևել, թե քանի հոգի և ովքեր են դիտել այն: Կարգավորումների միջոցով նաև կարող եք նշել, թե ովքեր չեն կարող դիտել ձեր պատմությունը:
Հայտնի սոցցանցի այս փորձարկումը շատ մեծ տարածականություն է ձեռք բերել, սակայն օգտատերերն այնքան էլ գոհ չեն այս գործառույթից:
Ըստ ստեղծագործական թիմի ներկայացուցիչների՝ գործառույթը դեռևս գործարկման փուլում է:
Սիրարփի Աղաբաբյան