ՊԲ-ն բացի պաշտպանությունից կիրականացնի նաև այլ մարտական գործողություններ. ՊԲ հրամանատար
Մեր առաջիկա անելիքների առաջնահերթությունը պայմանավորված է ապրիլյան ռազմական գործողությունների բազմակողմանի վերլուծության արդյունքներով:
Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը՝ մանրամասնելով, որ այս ընթացքում առաջնագծում հետևողականորեն և շարունակական կերպով ավելացվում է ինժեներական կառույցների խտությունը, բարձրացվում՝ անձնակազմի անվտանգության և մարտական ապահովման մակարդակը, իսկ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերում կատարելագործվում է զորքերի մարտավարական պատրաստականությունն, ըստ որի ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ՊԲ-ն բացի պաշտպանությունից կիրականացնի նաև այլ մարտական գործողություններ:
«Տեխնիկական միջոցներով համալրման շնորհիվ ներկայումս կարողանում ենք գիշերային պայմաններում հետախուզություն իրականացնել անհրաժեշտ խորության վրա: Ձեռնարկվող քայլերին զուգընթաց շարունակվում են բանակաշինության կատարելագործման աշխատանքները: Շուտով կմեկնարկի բանակային նոր ուսումնական տարին, որի ընթացքում ՊԲ անձնակազմը բացի պաշտպանությունից կնախապատրաստվի այլ մարտական գործողություններ վարելուն: Այդ բոլորի հիմքում լինելու է անձնակազմի անվտանգության ապահովումը», – ընդգծել է պաշտպանության նախարար Լ. Մնացականյանը և հավելել, որ այդ առումով բանակում արդեն ստեղծվել են անվտանգության խորհուրդներ՝ հրամանատարի տեղակալների ընդգրկմամբ: