«Ես կիսում եմ «Վրացական երազանքի» արտաքին քաղաքական կուրսը». Մարգվելաշվիլի
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ վրացական իշխանությունը լավ ռազմավարություն է ընտրել Ռուսաստանի նկատմամբ, ինչը պետք է ավարտվի օկուպացված տարածքների միավորմամբ, գրում է «Գրուզիա օնլայնը»:
Նա հայտարարել է, որ ամբողջությամբ կիսում է «Վրացական երազանքի» քաղաքական կուրսը:
«Մենք ունենք դինամիկա, արտաքին քաղաքական կուրս, որը ես ամբողջությամբ կիսում եմ և որը որոշակիացվեց այն բանից հետո, երբ «Վրացական երազանքը» եկավ իշխանության: Դա ռազմավարական համբերության կուրս է` կենտրոնացած մի քանի հիմնական ուղղությունների վրա:
Առաջինը` հստակ պահպանել չճանաչման քաղաքականությունը: Ռուսաստանին անհրաժեշտ է ցույց տալ, որ ոչ մի համատեքստում ոչ ոք, ոչ միայն վրացիները, այլև աշխարհի պետությունների մեծ մասը չի հանդուրժի այդ օկուպացիան: Չեն ընդունի նաև այն փաստը, որ փաստացի հարևան երկիրը փոխել է հարևան երկրի համընդհանուր ճանաչված սահմանները:
Երկրորդ նշանակալի պահը, որտեղ մենք ունենք հաջողություն, այն է, որ մենք ունենք մշտապես աճող աջակցություն մարդասիրական համատեքստում` ՄԱԿ-ի բանաձև փախստականների արժանապատիվ վերադարձի մասին:
Մինչ այդ, կարևոր է, որ մենք Ռուսաստանի վերաբերյալ չենք անում կոշտ հայտարարություններ, այլ առաջարկում ենք քննարկումներ` ելնելով մեր երկրի շահերից և առաջարկում ենք ձևաչափեր Վրաստանի նկատմամբ իրականացված այդ պատմական աբսուրդը ուղղելու համար»,- հայտարարել է Մարգվելաշվիլին «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում: