«Բարև Երևանը» պահանջում է պաշտոնանկ անել Սարի թաղի վայրագությունների կազմակերպիչ, փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանին
Ս.թ. հուլիսին «Սասնա Ծռեր» խմբավորման իրականացրած գործողությունների հետևանքով առաջացավ բողոքի մեծ ալիք, որը դրսևորվեց ցույցերի, երթերի ու ակցիաների միջոցով: Ոստիկանությունը բռնի ուժով, օրենքի կոպիտ խախտմամբ դրանք բնախեղդ արեց: Եվ այդ ամբողջի պատասխանատվությունը կրում է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը օրեր առաջ պահանջեց ազատել նրան աշխատանքից: Նրա պաշտոնանկությունն այլևս իրականություն է:
Այդ օրերին ոստիկանության գործողություններն իրենց հրոսակային դրսևորմամբ գագաթնակետին հասան Երևանի Սարի Թաղ համայնքում, և այն, կարելի է ասել, տեռոր էր ցուցարարների ու խաղաղ բնակչության հանդեպ: Այդ վայրագությունների կազմակերպողն ու պատասխանատուն ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լյովա Երանոսյանն էր, ով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ուղարկվեց արձակուրդի:
«Բարև Երևանը» պահանջում է Լյովա Երանոսյանին արձակուրդի ուղարկելու փոխարեն ազատել աշխատանքից և պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ:
Խմբակցությունը շարունակելու է լրատվամիջոցներին ու հանրությանը ներկայացնել «թեկնածուների» հաջորդական շարքը՝ պահանջելով նրանց պաշտոնանկությունը՝ հետևողական լինելով դրանց իրականացման հարցում:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն