Բաժիններ՝

ՀՔԾ-ից պահանջում ենք հարգել երևանցիների ընտրությունն ու ազատ արձակել ընտրյալներ Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի կալանավորման փաստի առթիվ այսօր նամակով դիմեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ պարոն Վահրամ Շահինյանին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Երկու ամսով կալանավորվել են Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը, որով խոչընդոտվել է խմբակցության գործունեությունը:

Նկատի ունենալով խմբակցության փոքրաթիվ կազմը՝ կալանավորված մեր ընկերներից յուրաքանչյուրի ներկայությունն ու մասնակցությունը խմբակցության գործունեությանը շատ արժեքավոր է:

Հետևելով նրանց փաստաբանների հիմնավորումներին՝ համոզված ենք, որ Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի նկատմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից հետապնդում է իրականացվում իրենց քաղաքական հայացքների համար, որը հակասահմանադրական է:

Պահանջում ենք շուտափույթ ազատ արձակել մեր ընկերներին: Նրանք երևանցիների կողմից ընտրված անձինք են, և նրանց կալանավորմամբ դուք խոչընդոտում եք մեր քաղաքացիների նկատմամբ իրենց պարտավորությունների իրականացմանը, որն իրեն ժողովրդավարական հռչակած երկրի համար անհամատեղելի երևույթ է:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարտավոր է հարգել երևանցիների ընտրությունն ու շուտափույթ ազատ արձակել Երևանի ավագանու անդամներ Դավիթ Սանասարյանին և Արմեն Մարտիրոսյանին»:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս