Պեսկովը պատմել է, թե ինչի մասին են խոսելու Պուտինն ու Էրդողանը
Թուրքիայի հետ հարաբերությունների «ռեստավրացիան» և Սիրիայում իրավիճակն են քննարկվելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահի հանդիպման ժամանակ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Տեղի է ունենալու կարծիքների լուրջ փոխանակություն այն բանի վերաբերյալ, թե ինչ տեմպերով, ինչ հաջորդականությամբ ենք զբաղվելու մեր հարաբերությունների ռեստավրացիայով: Կան ընթացիկ հարցեր, կապված տնտեսական գործունեության հետ, իհարկե, կարելի է համարձակորեն կանխատեսել, որ կարծիքների մանրամասն փոխանակություն տեղի կունենա տարածաշրջանային հարցերի վերաբերյալ, ներառյալ` Սիրիան»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
Նրա խոսքով` հանդիպման օրակարգը «հեշտ է կանխատեսել»:
«Դուք գիտեք, որ մինչ հայտնի դեպքը` ռուսական ինքնաթիռի ողբերգությունը, ՌԴ-ին և Թուրքիային միավորում էին ակտիվ գործընկերային հարաբերությունները: Աշխատանք էր կատարվում առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության պլանում: Կար շատ հագեցած քաղաքական երկխոսություն»,- հավելել էր Պեսկովը: