«Լրագրողների եվրոպական դաշնությունը» և «Լրագրողների միջազգային դաշնությունը» դատապարտել են Երևանում լրագրողների նկատմամբ ոստիկանության անհամաչափ բռնությունները
«Լրագրողների եվրոպական դաշնությունը» (EFJ) և «Լրագրողների միջազգային դաշնությունը» (IFJ) համատեղ հայտարարություն են տարածել` դատապարտելով Երևանում հուլիսի 29-ին Ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ բողոքի ցույցերը լուսաբանելիս լրագրողների նկատմամբ բռնությունները:
Նշվում է, որ ոստիկանական ուժերի գործողությունների հետևանքով լրագրողները ստացել են այրվածքներ, կապտուկներ և վնասվածքներ:
Հայտարարության մեջ նշվում է, որ բռնությունների ենթարկվածների թվում են «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության լրագրողներ Կառլեն Ասլանյանը, Հովհաննես Մովսիսյանն ու Գարիկ Հարությունյանը, CivilNet-ի և A1+ TV-ի լրագրողները, 1in.am կայքի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը, Armenia TV-ի թղթակիցներ Աղվան Ասոյանն ու օպերատոր Ալբերտ Գալստյանը, Lragir.am կայքի օպերատոր Մարութ Վանյանը, ռուսական Life TV-ի օպերատորը:
Նշվում է, որ RFE/RL’s-ի հայկական ծառայության տնօրենը հայտնել է, որ քաղաքացիական հագուստներ կրող ոստիկանության ներկայացուցիչները թիրախավորել են և հարձակվել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության 3 լրագրողների վրա, պոկել նրանց բեյջերը, կոտրել ուղիղ եթերի հեռարձակումն ապահովող սարքը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանում ցույցերն սկսվել են հուլիսի 17-ին, երբ «Սասնա ծռեր» արմատական ընդդիմության անդամները Էրեբունի թաղամասում գրավեցին Ոստիկանության շենքը` կառավարությունից փորձելով հասնել զիջումների:
Նշվում է, որ Հայաստանի նախագահը ներողություն է խնդրել լրագրողներից նրանց հետ կատարվածի համար:
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը նամակ է ուղղել Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ նշելով, որ կառավարությունը «պետք է գործնական քայլեր կատարի իրավապահ մարմինների գործողություններում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ զսպվածություն ապահովելու համար և նշել, որ իշխանությունների կողմից պետք է նախաձեռնվեն քայլեր՝ որպես երաշխիք, որ լրատվամիջոցները թիրախավորված չլինեն ոստիկանության կամ խուժանի կողմից: Ոստիկանությունը պետք է պաշտպանի լրագրողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին»: