«ՊՊԾ գնդից դուրս գալուց հետո Պավել Մանուկյանը հայտարարել է հացադուլ և մինչ օրս որևէ սնունդ չի ընդունել». Ինեսա Պետրոսյան

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանի և նրա որդու՝ Արամ Մանուկյանի շահերը ներկայացնող փաստաբան Ինեսա Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ իրեն դիմել են նաև այս պահին «Էրեբունի» բ/կ-ում գտնվող Արմեն Լամբարյանի հարազատները:

«Երեկվա դրությամբ Պավել Մանուկյանի նկատմամբ դատարանը կիրառեց խափանման միջոց կալանավորում, ու վերջինս տեղափոխվեց Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ, որտեղ մինչ այդ արդեն տեղափոխվել էր նրա որդին՝ Արամ Մանուկյանը: Վերջինս սկզբնական շրջանում այնտեղ պահվում էր անմարդկային պայմաններում: Հետո տարբեր տեղեր դիմեցինք, ու պայմանները փոքր-ինչ բարելավվեցին, բերվեցին հիվանդանոցային մահճակալներ: Նրանց վիճակն այնպիսին է, որ տեղաշարժման որևէ հնարավորություն չունեն: Պավել Մանուկյանն ունի հրատապ վիրահատությունների կարիք, որոնք առաջիկա օրերին պետք է սկսեն կատարվել: Արամ Մանուկյանը նույնպես ունի վիրահատության կարիք»:

Փաստաբանի խոսքով՝ դատապարտյալների հիվանդանոցը չունի նեղ մասնագետներ, այդ իսկ պատճառով՝ երեկվա դրությամբ «Էրեբունի» բ/կ-ից շուրջօրյա հերթապահություն է իրականացնում բժիշկը. «Երբ Արամ Մանուկյանը տեղափոխվեց դատապարտյալների հիվանդանոց, այնտեղ էլ «Էրեբունի» բ/կ-ի բժիշկներն էին գալիս ու վիրակապում, որովհետև նրանք համարվում են այդ հիվանդանոցի հիվանդները: Նրանք այնտեղ են վիրահատվել ու հետվիրահատական շրջանը պետք է վարեն հենց «Էրեբունի» բ/կ-ի բժիշկները: Խնդիրն այն է, որ նման վիճակում գտնվող հիվանդները, չգիտես՝ ինչ պատճառներով, տեղափոխվեցին դատապարտյալների հիվանդանոց, որտեղ գրեթե պայմաններ չկան: Բացի այդ՝ ՊՊԾ գնդից դուրս գալուց հետո Պավել Մանուկյանը հայտարարել է հացադուլ և մինչ օրս որևէ սնունդ չի ընդունել: Նա բազմիցս նշել է, որ այդկերպ շարունակելու է իր պայքարը»:

Նրա գնահատմամբ՝ դատարանի որոշումները ոչ օրինական են. «Դատարանն իր որոշման պատճառաբանական մասում նշում է, որ նրանք կարող է խուսափեն կամ խոչընդոտեն նախաքննությանը՝ կամ ազդեն ինչ-որ մեկի վրա, կամ փախուստի դիմեն, ինչն ակնհայտ անտրամաբանական է: Պավել Մանուկյանին երեկ հիվանդանոցից տեղափոխեցին պատգարակի վրա՝ շտապօգնության մեքենայով, և դատական նիստին մասնակցում էին նույնիսկ բժիշկներ: Նման պայմաններում խոսել այն մասին, որ նա կարող է խուսափել, խոչընդոտել կամ փախուստի դիմել, աբսուրդ է»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ զրույցում Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն ասել էր. «Պավել Մանուկյանի վիճակն օրեցօր բարելավվում է, և նա այսօր կարող էր տեղափոխվել Դատապարտյալների հիվանդանոց»:

Փաստաբանն ուշագրավ է համարում այն, որ դատարանի կողմից կայացված որոշումների մեջ որևէ տող չկա, որ իր պաշտպանյալ Պավել Մանուկյանը բերվել է «Էրեբունի» բ/կ-ից, գտնվում է վատ վիճակում և ստացել է վիրավորում. «Որոշում կարդացողը կարող է մտածել, որ սա սովորական, հերթական դատարանի որոշում է: Պաշտպանական կողմի որևէ պատճառաբանություն ներկայացված չէ: Ուղղակի նշված է՝ պաշտպանն առարկեց ներկայացված միջնորդության դեմ, Պավել Մանուկյանը միացավ իր պաշտպանին: Մինչդեռ թե՛ Պավել Մանուկյանը, թե՛ պաշտպանական կողմը դատարանում առարկություններ են ներկայացրել: Իսկ այդ որոշման մեջ ոչինչ չկա»:

Նա նշեց, որ առաջադրված է մեղադրանք Քրեական օրենսգրքի 219 հոդվածով և 235 հոդվածի հատկանիշներով. «Այսինքն՝ շենք-շինություններ գրավել, ապօրինի զենք-զինամթերք տեղափոխել: Նախատեսվող պատիժներն այդ հոդվածներով՝ 6-12, 5-8 տարի է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս