«Լևոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ «լավրովյան պլանն» իրագործելու նպատակով». Նիկոլ Փաշինյան

«Ես կարդացի ձեր բոլորի գրած նամակները, և դրանք այնքան շատ էին, որ ես չէի կարող դրանց պատասխանել: Եվ իմ պատասխանը այսօր, հիմա, այստեղ, ձեզ հետ միասին Խորենացի փողոցում գտնվելն է»,- Խորենացի փողոցում հավաքվածների առջև ունեցած ելույթում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով երեկ հայտարարել էր, թե այլևս չի գնալու նշված փողոց:

«Գնամ ի՞նչ անեմ… մարդիկ տպավորություն են ստացել, որ ես գնացել եմ ինչ-որ անձնական ու խմբային խնդիրներ լուծե՞մ, դա հանրային ծառայություն է, և ծառայություն է իրավիճակի մեջ ներգրավված կոնկրետ մարդկանց` ում համար ես մտահոգ եմ»,- լրագրողների հետ զրուցում երեկ ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե՝ չե՞ք գնալու Խորենացի փողոց:

Ինչևէ, այսօր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն օրվա կեսին տեսանյութ էր տարածել, որով հայտարարում էր ժամը 20:00-ին Խորենացի փողոցում ելույթ ունենալու մասին: «Այսօրվա և բոլոր ժամանակների համար խնդրում եմ արձանագրեք մի բան՝ ծառայում եմ ՀՀ-ին, ԼՂՀ-ին, և, որ ամենակարևորն է՝ հայ ժողովրդին: Ինչ էլ որոշի ժողովուրդը, պարտավորվում եմ, պարտավորվում ենք ի կատար ածել, մի պայմանով, որ այն պետք է լինի հստակ, աներկբա, տեսանելի և կասկածի տեղիք չտվող»,- շեշտեց Փաշինյանը:

Փաշինյանն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հայտարարությանը. «Ես կասեի՝ նա տարօրինակ հայտարարությամբ է հանդես եկել այսօր: Անդրադառնալով ՊՊԾ-ում տեղի ունեցածին, Տեր-Պետրոսյանն ասել է հետևյալը՝ այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որոնք առիթ են տվել սրան, դրանք կվերլուծենք հետո: Եթե նման բան ասեր քաղաքագիտության առաջին կուրսի ուսանողը, ես չէի զարմանա, բայց ՀՀ առաջին նախագահի անունից լսես նման հայտարարություն, առնվազն տարօրինակ է:

Կարդացեք նաև

Պատկերացնո՞ւմ եք՝ ասել՝ կարիք չկա հասկանալ՝ ինչ հիվանդությամբ է տառապում հիվանդը, եկե՛ք նրան բուժենք, հետո կհասկանանք, թե ինչով է հիվանդ: Նման բան ասել նշանակում է հետևյալը՝ թողենք հիվանդը մեռնի, հետո դիահերձումից կվերլուծենք, թե ի՞նչը դարձավ նրա մահվան պատճառը: Ես համարում եմ, որ սա ամոթալի հայտարարություն է: Եվ մի՞թե առաջին նախագահը կարող է չգիտակցել այս նրբությունը: Ես խիստ կասկածում եմ, որ նա չէր հասկանում, թե ինչ է հայտարարում, հետևաբար՝ ինչո՞ւ է նման բան ասում: Մի՞թե այն պատճառով, որ գիտակցում է, որ իրավիճակի խորքային վերլուծությունը կարող է ցույց տալ, որ այս իրավիճակի փուլային կամ փաթեթային լուծումը պարտադիր կերպով կարող է ներառել մի կոմպոնենտ, այն է՝ Սերժ Սարգսյանի հեռացումն իշխանությունից:

…Եվ ինչո՞ւ է սա ասում առաջին նախագահը. ես հիմա ցավալի արձանագրում եմ անելու, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ՝ Ղարաբաղի հարցում, այսպես կոչված, մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է «լավրովյան պլան» անունով: Դա մի խայտառակ լուծում է ՀՀ-ի համար, և այդ լուծմանը համաձայնելը ամոթալի է ո՛չ միայն առաջին դեմքերի, այլև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար:

Ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը սա անում: Բացի աշխարհայացքային, աշխարհաքաղաքական պատճառներից՝ այստեղ կա ևս մեկ կարևոր անձնական մոտիվ՝ Տեր-Պետրոսյանն ուզում է օգնել Սերժ Սարգսյանին ազատագրված տարածքները հանձնելու հարցում, որպեսզի, ի վերջո, կարողանա արձանագրել, որ ինքն 1996, 1997 թվականներին ճիշտ էր ասում:

Բայց սա, նորից եմ ասում, ամոթալի մոտեցում է: Ինչո՞ւ. որովհետև չի կարող խոսք լինել փոխզիջումների մասին մի իրավիճակում, երբ Ալիևն ատամները սրած ամեն օր լկտիաբար հոխորտում է ՀՀ և Հայ ժողովրդի հասցեին: Փոխզիջման համար պետք է փոխզիջման մթնոլորտ լինի, իսկ այսպիսի մթնոլորտում Ալիևի կողմից ագրեսիվ պահվածքի մթնոլորտում խոսել փոխզիջման մասին՝ նշանակում է՝ խոսել ՀՀ և ԼՂՀ կապիտուլյացիայի մասին:

Բայց մենք թույլ չենք տալու Հայաստամնի և Ղարաբաղի կապիտուլյացիան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հայ ժողովուրդն ամեն ինչ պետք է անի դրանից և ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ՀՀ և ԼՂՀ պետական ինքնասիրությունը պաշտպանելու համար: Ըստ նրա՝ այսօր սա քաղաքական օրակարգի ամենակարևոր հարցն է:

Տեսանյութը՝ 1in.am-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս