Հետո չասեք՝ Նիկո՛լ, սկսել ա, արի՛
Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» ջոկատի մի շարք անդամների կողմից գրավված ՊՊԾ գնդի հարևանությամբ՝ Խորենացի փողոցում ծավալվող զարգացումներում հուլիսի 20-ի երեկոյան ակտիվ դերակատարում ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա՝ այնտեղ գտնվելու փաստը շատերի կողմից ողջույնի ու խիստ դրական գնահատականների արժանացավ, շատերի կողմից էլ քննադատվեց: Նույնիսկ կոչեր եղան, որպեսզի Նիկոլ Փաշինյանին թույլ չտրվի մեծ դերակատարում ունենալ:
Երեկ հրավիրված ասուլիսում Ն. Փաշինյանը հայտարարեց, որ այլևս չի գնալու Խորենացի փողոց:
«Գնամ ի՞նչ անեմ… մարդիկ տպավորություն են ստացել, որ ես գնացել եմ ինչ-որ անձնական ու խմբային խնդիրներ լուծե՞մ, դա հանրային ծառայություն է, և ծառայություն է իրավիճակի մեջ ներգրավված կոնկրետ մարդկանց` ում համար ես մտահոգ եմ»,- լրագրողների հետ զրուցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե չե՞ք գնալու Խորենացի փողոց: Եվ ավելացրեց. «Էդ մարդիկ ակնարկում են, որ բան են ուզում անել, իսկ ես թույլ չեմ տալիս: Խնդրեմ արեք՝ մենակ չլինի էն պատմությունը, որ ասեք՝ Նիկո՛լ, սկսել ա՜, արի՛»,-ասաց նա:
Լրագրողներից մեկի ճշտող հարցին՝ իրավիճակի լարվելու դեպքում՝ հնարավո՞ր է այնտեղ լինեք, Ն. Փաշինյանը պատասխանեց.
«Էն մարդիկ, որոնք երեկ ձեռքերը բարձրացրած էին, որ ցույց տային զինված չեն, որտեղ լինեն, ես լինելու եմ այնտեղ, կներեք, երեկ ես ինձ շատ եմ զսպել, որ ինքս ոստիկաններին չասեմ՝ մի քանիսին գան հավաքեն տանեն, էդ հարբածներին, ուռածներին… և պարզվեց, որ մարդիկ կան, որ համարում են, թե դա է իշխանափոխության ճիշտ ճանապարհը: Ու մարդիկ էդ քֆուր-քյաֆարները լսելուց հետո գլխապատառ կլցվեն փողոցներ՝ իշխանափոխություն անելու… Օք, դա ձեր պատկերացումն է, ես ասել եմ, որ մեր պատկերացումը չէ…»:
Պատգամավորը, սակայն, նաև ասաց, որ բախումնային իրավիճակների դեպքում կրկին պատրաստ է լինել այնտեղ, բայց պայմանով, որ «Սասնա Ծռերի» խմբի կողմից որակումներ չլինեն, թե «Նիկոլը եկել է իրենց իշխանափոխությանը տեր կանգնի»:
Ի դեպ, այս իրավիճակում արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը «դուրս մղվեց» հարթակից և նրա փոխարեն Խորենացի փողոցում ցուցարարների շարքերում հայտնվեց ՀՀ նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը: