Բաժիններ՝

Ինչո՞ւ Արթիկը հայտնվեց ջրի մեջ. ո՞րն էր հեղեղի պատճառը

asparez.am. 20 օրից ավել է` Արթիկում շարունակվում է աղետի հետեւանքով առաջացած խնդիրների վերացումը, սակայն դեռեւս Արթիկի մի հատվածը շարունակում է կիսավեր մնալ, արթիկցին էլ բողոքում ու դժգոհում է, քանի որ կառավարությունը նյութական վնասի միայն մի մասն է հատկացրել:

Օրեր առաջ Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանն «Ասպարեզ»-ի հետ զրույցում նշել էր, որ նախկինում քաղաքի այդ հատվածում ջուրը սակավ է հոսել: Հեղեղատարները եղել են անցանելի, հեղեղատարը կառուցվել է 40 տարի առաջ:

-Պետք կլինի նոր հեղեղատարի համար գումար կհատկացնեն ինժիներական աշխատանքներ իրականացնելու նպատակով, եթե ոչ` ուրեմն կհամարվի, որ նման աղետները 1000 տարին մեկ ամգամ են կամ չգիտեմ ինչ ձեւի, համենայն դեպս, բնության աղետ է, որը չէր կարելի եզրակացնել եւ կանխել,-նշել էր նա:

Քաղաքապետի խոսքով` Արթիկի բնակչի կողմից տարիներ առաջ եղել է հողի ինքնազավթում, հողի ինքնազավթման մասին, սակայն քաղաքապետը, իր իսկ խոսքով, տեղյակ չի եղել.

-Ես տեղյակ չեմ եղել, որ ինքնազավթում է եղել: Հիմա ենք նայել, տեսել, որ ինքնազավթում կա: Ես տեսնում էի, որ կան շինութուններ, հողամասեր, բայց չգիտեի` ումն է փաստաթղթով եւ ումը` անօրինական: Դրան չէի անրադառնում,-ասել էր Ա.Աբրահամյանը, իսկ թե ինչու իր ղեկավարման ընթաքում չի անդրադարձել այս հարցին, պատասխանել էր.

-Որովհետեւ ենթադրում էի, որ, եթե կա շինությունը, ուրեմն մարդիկ ունեն փաստաթղթեր:

«Ասպարեզ»-ը Արթիկի հեղեղի առաջացման պատճառների եւ հետեւանքների մասին զրուցել է նաեւ «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության համակարգող Սոֆյա Հովսեփյանի հետ:

-Սոֆյա, դուք որպես բնապահպան, հեղեղի առաջացման ի՞նչ պատճառներ եք առաջ քաշում:

-Մենք ինքներս ուսումնասիրություններ չենք հասցրել անել, բայց բնակիչների հետ զրույցի եւ կարիքների գնահատման արդյունքում պարզեցինք, որ սելավատարը նախկինում փակված է եղել նախորդ քաղաքապետերից մեկի կողմից, որի հետեւանքը եղել է այն, որ սելավատարը չի կարողացել մեծ հոսքը տանել: Վերին հատվածում եղել է նաեւ արհեստական ձկնաբուծարաններ, որի ջրերի բացթողումը գետ եւս ակտիվացրել է հոսքի արագությունը, իսկ գետակի փակ հատվածների վրա բնակիչները տնամերձ հողատարածքներ էին ստեղծել: Այս մի քանի պատճառները նպաստել են, որ հեղեղումը տեղի ունենա:

-Արթիկի քաղաքապետը կարծում է, որ այդ արհեստական ինքնազավթումները պետք է ապամոնտաժել միայն աղետից հետո: Արդյո՞ք չեն անտեսվել որոշ դիտարկումներ:

-Դա մեր երկրի ղեկավարներին բնութագրող պահվածք է. մինչեւ տեղի չի ունենում խոշոր աղետը, ոչինչ չեն անում: Արթիկի ներկայի եւ նախորդ քաղաքապետերը այս առումով անգործության են մատնված եղել: Նրանց պատճառով էլ ավելի է ծանրանում մեր տնտեսության վիճակը, թեեւ պետական մակարդակով չնչին աջակցություն է տրվում քաղաքացիներին:

-Արթիկի սելավատարը որքանո՞վ է համապատասխանում սահմնաված չափանիշներին: Արդյո՞ք այն նախատեսված է բնակայարում շահագործելու համար:

-Բնակիչների հավաստմամբ` դա փոքրիկ գետակ է եղել եւ շատ քիչ ջուր է հոսել: Եթե վերցնենք այն հանգամանքը, որ գետակը իր չափերով փոքր չէ, ապա ինքը համապատասխանում է գետակի համար նախատեսված ծավալին, սակայն, եթե գետակի վրա փակված չլիներ՝ սելավատարի լայնությունը իր ծավալով համապատասխանում էր այդ հոսքին դիմակայելուն: Խնդիրը եւ վտանգը եղել է սելավատարի վրա փակելը: Միեւնույն ժամանակ մի քանի տեղից է դուրս եկել հունը, իսկ սա պատճառ է այն բանի, որ աղբահետացումը բնականոն չի կատարվել: Սա եւս համայնքապետի աշխատանքի հետեւանքն է:

-Այդ հատվածում, որտեղ առկա է 20 մետրի հասնող խիճ, տիղմ եւ ավազ՝ այլեւս հնարավո՞ր է բուսատեսակի աճ կամ գյուղնշանակության առումով օգտագործելի՞ կլինեն այդ տնամերձերը:

-Այս պահի դրությամբ պետք է նշեմ, որ մրգատու ծառերը հետագայում այլեւս բերք չեն տա, կչորանան, քանի որ ամբողջությամբ տիղմ է, իսկ այն որեւէ դրական ազդեցություն չի կարող ունենալ: Տարիներ են պետք, որ այդ հողերը ավազից եւ տիղմից մաքրվեն, իսկ եթե դրանից հետո շարունակեն բերրիություն ապահովել, դա մեծ ձեռքբերում կլինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս