Թուրքիայում հեղաշրջման փորձի հեղինակը պաշտոնաթող գնդապետ Մուհարեմ Քյոսեն է
Նախօրեին Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի հեղինակը վերջերս ԶՈՒ գլխավոր շտաբի խորհրդականի պաշտոնից հեռացված գնդապետ Մուհարրեմ Քյոսեն է: «Anadolu» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ շարժման կազմակերպման մեջ մեղադրվում են նաև գնդապետ Մեհմեթ Օղուզ Աքքուշը, մայոր Էրքան Աղըրը, փոխգնդապետ Դողան Ույսալը:
Հեղաշրջման կազմակերպիչների խումբը բաղկացած է եղել զինված ուժերի 37 տարբեր պաշտոնյաներից: Հեղափոխությունը հաջողությամբ իրականացնելու դեպքում նրանք նախատեսել էին մասնավորապես ռազմական ոլորտի բարձրաստիճան պաշտոններում մի շարք նոր նշանակումներ իրականացնել:
Հայտնի է դարձել, որ այդ նպատակով շուրջ 400 պաշտոնի համար հատուկ ցուցակ էր նախապատրաստվել: Մասնավորապես նախատեսված են եղել նոր նշանակումներ արտասահմանյան կցորդների շրջանում, ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության և օդուժի հրամանատարության ստորաբաժանումներում: