«Իսլամական պետությունը» պատասխանատվություն է ստանձնել Նիսի ահաբեկչության համար
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել Ֆրանսիայի Նիս քաղաքում հուլիսի 14-ին տեղի ունեցած ահաբեկչության համար:
Ինչպես հաղորդում է Le Mondeը, ԻՊն Մուհամեդ Լահուաեջ Բուհլելին հռչակել է իր զինվորներից մեկը, ում գործողությունները պատասխան են եղել Իրաքի և Սիրիայի տարածքում հակաահաբեկչական կոալիցիայի քայլերի:
Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ:
Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: Ահաբեկչության հեղինակը Մուհամեդ Լահուաեջ Բուհլելն է` Ֆրանսիայում բնակվող և ծագմամբ թունիսցի 31-ամյա երիտասարդ: