«Ղարաբաղում խաղաղությունը բխում է բոլորի շահերից». Ջոն Քերրի

Ղարաբաղյան հակամարտության շրջանում հրադադարի պահպանումը բխում է բոլորի շահերից: «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին՝ ՄոսկվայոԱւմ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ անցած բանակցություններից հետո.

«Միանշանակ, բոլորի շահերից է բխում խուսափել պատերազմի նոր բռնկումից եւ համոզված եմ, որ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի օգնությամբ հնարավոր է հասնել առաջընթացի»:

Քերրիի խոսքով, ինքն ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտադիր են շարունակել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ խորհրդակցությունները եւ խրախուսել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին երկարատեւ խաղաղ համաձայնության գալ.

«Ես պատիվ եմ ունեցել հանդիպելու երկու նախագահներին Վարշավայում եւ մենք բոլորս խրախուսում ենք նրանց պատերազմի հաղթահարման ուղղված քայլեր ձեռնարկել եւ շարժվել դեպի խաղաղություն այս անչափ երկար շարունակվող սառեցված հակամարտությունն ավարտելու համար»:

Պետքարտուղարը նաեւ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պետերբուրգում անցկացված նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպման համար:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով, կարեւոր է ապահովել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ պայմանավորվածությունների իրականացումը.

«Մենք կարծիքներ ենք փոխանակել, թե ինչպես օգտագործել անցած աշխատանքի ներուժը՝ որպեսզի ապահովվի ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական կատարումը: Պայմանավորվածությունների, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար եւ որոնք թույլ կտան մեզ խաղաղություն հաստատել այդ շատ կարեւոր տարածաշրջանում»:

Ավելի քան 10 ժամ տեւած բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներն այնքան էին կենտրոնացել Սիրիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրների վրա, որ, իրենց խոսքով, վերջին պահին էին միայն տեղեկացել Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Տեսանյութեր

Լրահոս