Բաժիններ՝

«Անունները դուք ինձնից շատ լավ գիտեք». Արծվիկ Մինասյանը՝ մենաշնորհների մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայումս ուսումնասիրություններ են իրականացվում բոլոր այն ապրանքային խմբերի մասով (ներառյալ՝ շաքարավազը), որոնց արտադրությունը տեղական հումքի վրա հնարավոր է կազմակերպել: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ խոսելով այն մասին, թե մենաշնորհների դեմ տարվող պայքարն ինչ փուլում է գտնվում, նշեց, որ վարչապետի վերջին հանձարարությունը՝ 15 ապրանքային շուկաներում գործողությունների ձեռնարկման և հուշաթերթերի պատրաստման սխեմաների վերաբերյալ՝ իրենց կողմից ամբողջությամբ պատրաստված է, ուղարկվել է համաձայնեցման բոլոր շահագրգիռ գերատեսչություններ, արդեն ներկայացվել է կառավարություն:

«Բոլոր ապրանքատեսակների մասով մենք էլեկտրոնային համակարգ ենք ստեղծում, որտեղ ցանկացած քաղաքացի հնարավորություն կունենա որևէ ապրանքի մասով մուտքագրել այդ ապրանքի կոդը կամ անվանումը և իր համար պարզել բոլոր ընթացակարգերը՝ ժամկետներով, օրերով, պատասխանատուներով, բողոքարկման համակարգով»,- նշեց նախարարը:

Լրագրողները խնդրեցին անուններ հրապարակել, թե ովքե՞ր են կանգնած այդ մենաշնորհների հետևում: Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ անուններ հրապարակելն անիմաստ է. «Եթե մենք խոսում ենք ոլորտում գերիշխող դիրքի մասին և ասում ենք, որ օրենքի համաձայն՝ իրենք մենաշնորհ չեն, բայց ընկալվում է այդպես, և փաստացի իրենք թելադրում են շուկան, այս ոլորտում գտնվող բոլոր գերակշիռ դիրք ունեցող սուբյեկտները դառնում են տնտեսական տեսակետից մենաշնորհային դիրք ունեցողներ, և հետևաբար՝ մեր գլխավոր խնդիրը դառնում է օրենսդրական նոր վերանայումների իրականացումը»:

Լրագրողը, սակայն, պնդեց իր հարցը, ինչին ի պատասխան՝ Ա. Մինասյանն ասաց, թե բոլոր նրանք են, ովքեր այդ կազմակերպություններում խոշոր բաժնետեր են: «Անունները դուք ինձնից շատ լավ գիտեք, և տնտեսական քաղաքականությունը վերածել նեղ անձնային մոտեցումների՝ ես հակված չեմ, որովհետև իմ գլխավոր խնդիրը՝ որպես էկոնոմիկայի նախարար, համակարգային լուծումներ առաջարկելն է կառավարությանը՝ ոլորտներն ազատականացնելու ուղղությամբ»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով որոշ ժամանակ առաջ շաքարավազի մենաշնորհն օրինականացնելու վերաբերյալ իր հայտարարությանը՝ նախարարը պարզաբանեց, որ իր խոսքը վերաբերել է Հայաստանի ազգային տնտեսության մոդելների զարգացմանը:

«Մենք մեծածախ և մանրածախ շուկան պետք է բաժանենք իրարից, բայց սա դեռ լիարժեք լուծումը չէ: Մեր գլխավոր խնդիրներից է՝ անցնել տեղական հումքի արտադրության: Ես հիմա շատ փակագծեր չեմ բացի, բայց մեր կողմից ներկայումս ուսումնասիրություններ են իրականացվում բոլոր այն ապրանքային խմբերի մասով, ներառյալ՝ շաքարավազը, որոնց արտադրությունը տեղական հումքի վրա հնարավոր է կազմակերպել: Հաշվարկներ են իրականացվում, աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, և երբ ունենանք լիարժեք պատկեր, կհրապարակենք դրա մասին»,- նշեց նախարարը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս