Լևոն Մարտիրոսյանը՝ Հենրիխ Մխիթարյանից գումար ուզելու և ԼՂՀ հարցում փոխզիջումների գնալու մասին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն այսօր հերքեց այն տեղեկությունը, թե ինքն ասել է, որ պետք է դիմել Հենրիխ Միխիթարյանին, որպեսզի Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ գումարը տրամադրի:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ ձեր խմբակցությունը դիմի նրան այդ հարցով՝ Լ. Մարտիրոսյանը ծիծաղելով պատասխանեց, որ ինքը կատակել է. «Ֆուտբոլից մի քիչ հասկացողները գիտեն, որ այդ գումարը ո՛չ Հենրիխ Միխիթարյանին է գնում, ո՛չ էլ, առավել ևս, Հայաստանին: Մի ակումբ փոխանցում է մեկ այլ ակումբի: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում մենք այդ գումարների հետ կապ ունենալ չենք կարող: Ուղղակի ես դա նշեցի, որ խոսքը գնում է այնքան ոչ էական գումարի մասին, որ այն հնարավոր կլինի գտնել, մանավանդ՝ առույծի բաժինն այդ գումարի արդեն կա: Սա այնպիսի խնդիր է, որ բոլոր ջանքերը պետք է ներդրվեն, որպեսզի ընտրությունների հանդեպ վստահությունը մեծանա: Բնականաբար, խոսքիս մեջ կատակ կար, ու խոսքիցս առաջ նշեցի, որ հիմա կատակ եմ անելու»:
Անդրադառնալով այն հարցին, թե ԼՂՀ հակամարտության կարգավորման համար ինչ փոխզիջումների ենք մենք պատրաստ՝ Լ. Մարտիրոսյանը նշեց, որ փոխզիջումների մասին բոլորն են խոսել՝ և՛ իշխանությունից, և՛ ընդդիմությունից, և, եթե Ադրբեջանը չի ցանկանում գնալ փոխզիջման, ուրեմն՝ չի ուզում խաղաղություն լինի:
«Հիմա խոսքը գնում է բանակցությունների շարունակման մասին: Բանակցություններին այլընտրանք չկա, պետք է բանակցել, որքան էլ դրանք արդյունք են տալիս, թե ոչ: Ապրիլյան դեպքերից հետո համանախագահների առջև խնդիր դրվեց՝ պարզել՝ արդյոք հնարավորություն կա՞ այդ բանակցությունները շարունակել, և այդ երկու հանդիպումներից պարզվեց, որ այդ հիմքերը կան, սակայն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ հանդիպումների ժամանակ, պետք է նախ՝ կյանքի կոչվեն, նոր բանակցություններ սկսվեն»,- նշեց Լ. Մարտիրոսյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: