«Կոռուպցիա կա ոչ միայն բանակաշինության գործում». Գագիկ Մելիքյան

«ՆԱՏՕ-ի գագաթաժողովը կարելի է համարել տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Հայաստանի մասնակցությունն այդ գագաթաժողովին՝ հատկապես նախագահի գլխավորությամբ, նա շատ է կարևորում անվտանգության հարցերի քննարկման առումով:

Գ. Մելիքյանը նկատեց, որ գագաթաժողովում քննարկվեցին Հարավային Կովկասին և, մասնավորապես, ԼՂՀ խնդրին վերաբերող հարցեր: Նրա խոսքով՝ քննարկվել են նաև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հետ կապած հարցեր. «Ադրբեջանը միշտ փորձել է խուսափել հանդիպման որոշումների կատարումից՝ ցույց տալով, թե իբր նման բնորոշումներ տեղի չեն ունեցել: Շատ եմ կարևորում Վիեննայի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների մեծացումը, վերահսկող մեխանիզմների տեղադրումը շփման գծում»:

Գ. Մելիքյանի խոսքով՝ եթե այս պայմանավորվածությունները չիրականացվեն, բանակցությունների սկսումը խիստ կասկածի տակ կդրվի. «Եթե Ադրբեջանը փորձի խախտել հրադադարի ռեժիմը, պայմանավորվածությունները, ապա դա կարելի է իրեն միայն ուժով պարտադրել: Ադրբեջանն այս պարագայում նույնպես չի կարող ձգտել պատերազմի, որովհետև ինքը չի կարող պատերազմական գործողությունների միջոցով խնդրի լուծմանը հասնել»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում բանակաշինության ոլորտում կա կոռուպցիա՝ Գ. Մելիքյանն ասաց. «Կոռուպցիա կա ոչ միայն բանակաշինության գործում, այլև աշխարհի բոլոր երկրներում, ու մենք բազմիցս այդ մասին խոսել ենք: Պետք է ամեն ինչ անենք, որ արմատախիլ անենք կոռուպցիան»:

Տեսանյութեր

Լրահոս