Հիվանդանոց տեղափոխված զինվորի կյանքը փրկել չի հաջողվել. զորամասի հերթապահ բժիշկը հայտնվել է ամբաստանյալի աթոռին

2014թ. հունվարի 20-ին մահացած զինծառայող Էդիկ Շահնազարյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել զորամասի օրվա հերթապահ բժշկին:

Է. Թումասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ` ՀՀ ՊՆ N զորամասի բուժկետի պետ, կոչումով մայոր, զորամասի հրամանատարի հրամանով 2014թ. հունվարի 19-ին նշանակված լինելով որպես զորամասի օրվա հերթապահ բժիշկ, խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի հոդվածների, հրահանգի, հրամանի պահանջները, անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ` պարտավոր լինելով 37.5 աստիճան և բարձր ջերմություն ունեցող զինծառայողների հետազոտումը պարտադիր կերպով կազմակերպել հոսպիտալային պայմաններում, չի ձեռնարկել ծառայության բնականոն ընթացքն ապահովելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ և 19.01.2014թ. ժամը 15:05-ին, 39.1 աստիճան ջերմությամբ բուժկետ դիմած, նույն զորամասի ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայող շարքային Էդիկ Շահնազարյանին շտապ կարգով համապատասխան նեղ մասնագիտացված կլինիկա կամ բաժանմունք տեղափոխելու, ժամանակին համապատասխան կլինիկա-լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշումը ճշտելու և նպատակաուղղված բուժում կազմակերպելու փոխարեն՝ վերջինիս պահել է գնդի բուժկետում և բավարարվել միայն ջերմիջեցնող դեղամիջոցներ տալով, չի ցուցաբերել անհրաժեշտ հետևողականություն, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է` 20.01.2014թ. ժամը 07:45-ի սահմաններում «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ տեղափոխված շարքային Էդիկ Շահնազարյանի կյանքը փրկել չի հաջողվել, և ժամը 08:02-ին գրանցվել է նրա կենսաբանական մահը: Բժշկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Արթուր Ադամյանին, ով հուլիսի 6-ին գործը վարույթ է ընդունել:

Տեսանյութեր

Լրահոս