Բաժիններ՝

Տարածքը`դատական քաշքշուկների պատճառ. անօթևան բուժքրոջը պետությունը բնակարան չի հատկացնում

«Ասպարեզ»-ի խմբագրությունը բողոք է ստացել Գյումրու տարեց բնակչուհի, ճանաչված բուժքույր 80-ամյա Աղունիկ Ասլիյանից: Նա անօթեւան է, սպասում է բնակարանի իր հերթին: 1988-ի երկրաշարժից հետո առ այսօր նա ապրում է Մուսայելյան փողոցի 139/006 հասցեի կիսախարխուլ տնակում: Փտած տնակի եւ սոցիալական անապահով վիճակի ամենօրյա խնդիրներին ավելացել է եւս մեկը:

-Ես անօթեւան եմ, սպասում եմ, որ բնակարան ստանամ: Ստեղ լիքը տնակներ կային, սաղին տուն տվեցին, կամաց-կամաց թողին գնացին: Էս տարածքը առավ «Դեկոր» (Խոսքը Գյումրիում գործող «Դեկոր» կահույքի սրահի մասին է,-հեղինակ) տերը, սարքեց խանութ: Ինչ եկել է, ակնարկել է, որ պիտի դուրս գամ: Ես էլ սել եմ, երբ, որ բնակարան ստանամ այն ժամանակ էլ դուրս կգամ: Ինձ դատի տվեց՝ սկզբում առաջին ատյանի, իսկ հետ վերաքննիչ դատարաններ, իսկ դատարանը վճռեց, որ ես պետք է մնամ այնքան ժամանակ մինչեւ բնակարան ստանալը,-ասում է Աղունիկ Ասլիյանը:

Տարեց կնոջ տնակը զբաղեցնում է 36 քառակուսի մետր տարածք: Աղունիկ Ասլիյանի խոսքով` կահույքի սրահի սեփականատերը` Արթուր Խաչատրյանը ցանկանում է այն սեփականաշնորհել եւ միացնել իր 2500 քառակուսի մետր տարածքին: Տարածքի վեճը դեռ 2010 թվականից է սկսվել: Սեփականատերը 2010 թվականի մայիսի 17-ին հայցադիմում է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ընդդեմ Աղունիկ Ասլիյանի գույքը ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու մասին: Դատարանի որոշմամբ որպես երրորդ անձ ներգրավվել է Գյումրու քաղաքապետարանը:

Հայցվորի իրավական դիրքորոշումը հետեւյալն է, որ իրենք հանդիսանում են Թումանյան փողոցի 143/2 վարչական շենքի եւ հարակից տարածքի սեփականատեր: Նշված է, որ իրենց սեփականության իրավունքը գրանցված է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Գյումրու ՏՍ-ում եւ սեփականաշնորհել են 2009 թվականին: Ունեն սեփականության իրավունքի գրացման վկայական: Առքուվաճառքի գործարքը կնքելու ժամանակ 139/006 ժամանակավոր տնակը տեղադրված է եղել սեփականության իրավունքով իրենց պատկանող տարածքում:

Կարդացեք նաև

taratsqi-kriv-1

Խանութի սեփականատեր հանդիսացող Արթուր Խաչատրյանը բազմիցս դիմել է, որ Աղունիկ Ասլիյանը ազատի տարածքը, որպեսզի իրականացվեն շինարարական աշխատանքներ, սակայն տնակի տերը հրաժարվել է կատարել պահանջը: Հայցվոր կողմը դատարան դիմելով` ցանկացել էր ազատել իրեն պատկանող այդ տարածքը:

Պատասխանող կողմն էլ ասել էր, որ ինքը չի ճանաչում հայցվորին: Իր իմանալով տարածքի սեփականատերը Սաշիկ Աղաջանյանն է, որը գնել է այդ տարածքը եւ ասել, որ սպասելու է մինչեւ կառավարությունը Աղունիկ Ասլիյանին ապահովի բնակարանով: Աղունիկ Ասլիյանն նաեւ նշել էր, որ իր տարածքը գտնվում է Մուսաելյան փողոցի վրա եւ Թունամյանից հեռու է 18 մետր:

Դատարանը հաշվի առնելով, որ հայցվոր կողմը չունի հիմնավոր ապացույցներ այն մասին, որ տնակը գտնվում է իր տարածքում, ինչպես նաեւ Աղունիկ Ասլիյանը լինելով երկարաշարժից տուժած, երկրորդ կարգի ցմահ հաշմանդամ չի բավարարել Արթուր Խաչատրյանի հայցը՝վճիռ կայացնելով ի օգուտ Աղունիկ Ասլիյանի:

2010 թվականի սեպտեմբերի 5-ին Արթուր Խաչատրյանը դիմել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Այստեղ եւս հայցը մերժվել է:

Հիմա Աղունիկ Ասլիյանը մեկ այլ բողոք ունի: Ասում է, թե՝ հիմա էլ Արթուր Խաչատրյանն այլ տարբերակներով է փորձում իրենից ազատվել:

-Սեփականատերը՝ Արթուր Խաչատրյանը, դատարանի որոշումից հետո ինձ վնասներ է տալիս: Ջուրս կտրում է, լույսս կտրում է, հեռախոսիս գծերը կտրում է: Դիտմամբ է անում, որ թողնեմ գնամ: Չորս անգամ այդ տրուբեն ջարդելուց հետո էլի վնասներ է տալիս,-պատմում է տարեց կինը:

Աղունիկ Ասլիյանը բողոքների վերաբերյալ փորձեցի կարծիք եւ տեղեկություն ստանալ «Դեկոր» կահույքի սրահի տնօրեն Արթուր Խաչատրյանից: Նա փոխանցեց, որ հարցազրույց տալու ցանկություն չունի: Ինձ հետ ունեցած հեռախոսազրույցում հայտնեց, որ այդ տարածքը իրեն է պատկանում, իսկ Աղունիկ Ասլիյանն այն անօրինական է զբաղեցնում, դատարանի վճիռներից էլ դժգոհ է, այլ ենթատեքստեր է տեսնում, որը չցանկացավ մանրամասնել: Զրույցի վերջում էլ հավելեց, որ իրեն չի հետաքրքրում այն հանգամանքը, որ հոդվածը կհրապարակվի միակողմանի՝առանց իր պարզաբանումների:

Աղունիկ Ասլիյանը նաեւ Գյումրու քաղաքապետարանին էր դժգոհություններ հայտնել այն առումով, որ Արթուր Խաչատրյանի կառույցներից մեկը չունի ջրահեռացման համակարգ, իսկ համայնքի ղեկավար Ռուբեն Սանոյանը տեղեկացրել էր, որ Արթուր Խաչատրյանը խնդիրը պարտավարվում է լուծել 15 օրվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս