Վլադիմիր Գասպարյանը կրկին նվեր է պատրաստել Ղարաբաղի գործընկերների համար
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության հետ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ համագործակցության և աջակցության շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից նպատակահարմար է համարվել բավարարել Ստեփանակերտի քաղաքապետարանի խնդրանքը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Կամոյի և Սարոյան փողոցների խաչմերուկում կառուցել լուսացույցային օբեկտ:
2016թ. մարտ ամսին «Լուսանշան» ՊՈԱԿ-ի կողմից ավարտվել է նշված լուսացույցային օբեկտի կառուցման աշխատանքները, որի արժեքը կազմել է 8 մլն 177 հազար 30 դրամ:
Ներկայումս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Կամոյի և Սարոյան փողոցների խաչմերուկում կառուցված լուսացույցային օբեկտը հաշվառված է «Լուսանշան» կազմակերպության հաշվեկշռում, սակայն դրա սպասարկումը պատշաճ կարգով իրականացնելու համար նպատակահարմար է այն փոխանցել Ստեփանակերտի քաղաքապետարանին: Այս հարցը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վաղը կներկայացնի կառավարության նիստում:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ էլ Վ.Գասպարյանը ՀՀ կառավարության հավանությանն էր ներկայացրել մեկ այլ նվիրաբերության մասին որոշում, որով ԼՂՀ ոստիկանությանը կտրամադրվեն իրավախախտման կատարման վայրում վարորդի և տրանսպորտային միջոցի տվյալները շտեմարանների միջոցով պարզելու, ինչպես նաև սթափության վիճակի զննության համար նախատեսված սարքավորումներ: