Բաժիններ՝

ՌԴ-­ում ՀՀ դեսպանը և Մոսկվայի կրթության դեպարտամենտի պաշտոնյան քննարկել են հայկական դպրոցներից մեկի հարցը

ՌԴ-­ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը և Մոսկվայի կառավարության կրթության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Վիկտոր Ֆերտմանը քննարկել են Մոսկվայի միջմշակութային հաղորդակցության թիվ 1650 պետական բյուջետային կրթական հաստատության հետագա գործունեությանն առնչվող հարցերին. այն բացվել է 1988թ.­-ի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Մոսկվայում հայտնված հայաստանցի դպրոցականների՝ հայկական թեքումով ուսումը շարունակելու նպատակով:

Այս մասին «Արմենպրես»-­ին տեղեկացրին ՌԴ-­ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «ՌԴ­-ում ՀՀ դեսպանությունում հունիսի 27­-ին տեղի է ունեցել դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը Մոսկվայի կառավարության կրթության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Վիկտոր Ֆերտմանի հետ՝ օրեր առաջ ՌԴ­ում ՀՀ դեսպանի և նույն դեպարտամենտի ղեկավար­նախարար Ի.Կալինայի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Մոսկվայի միջմշակութային հաղորդակցության թիվ 1650 պետական բյուջետային կրթական հաստատության հետագա գործունեությանն առնչվող հարցերին, որոնք մտահոգության տեղիք են տվել՝ ելնելով իրավիճակային որոշ խնդիրներից:

Դեսպան Եսայանը հիմնավորել է նշված կրթօջախի նկատմամբ հայկական կողմի հետաքրքրությունը՝ հաշվի առնելով այն, որ դպրոցը բացվել է 1988թ.-­ի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Մոսկվայում հայտնված հայաստանցի դպրոցականների՝ հայկական թեքումով ուսումը շարունակելու նպատակով: Կրթօջախը նաև հանդիսանում է հայ­ռուսական միջպետական փոխհամաձայնության հիման վրա գործող Մոսկվայի հայերենի դասավանդմամբ երկու դպրոցներից մեկը:

Զրույցին կողմերը փոխադարձ մտահոգություն են հայտնել նաև դպրոցի աշակերտների ընդհանուր թվի, ինչպես նաև հայոց լեզվի ուսուցման մեջ ներգրավված հայազգի դպրոցականների թվակազմի կրճատման շուրջ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հայ­ռուսական կրթական ոլորտին առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ կարևորելով նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղված քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև կրկին հանդիպել հուլիսի կեսերին՝ դպրոցի հետագա գործունեության արմատական բարելավմանն առնչվող հարցերը հստակեցնելու և անհրաժեշտության դեպքում կազմակերպչական խնդիրները կարգավորելու նպատակով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս