Հայաստան կատարելիք այցի ընթացքում Հռոմի պապը հանդիպելու է Ցեղասպանության զոհերի ժառանգներին
Սուրբ Աթոռի լրատվական ծառայության տնօրեն հայր Ֆեդերիկո Լոմբարդին հունիսի 21-ին լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան կատարելիք այցի մանրամասները, որը տեղի կունենա հունիսի 24-26-ին: Ինչպես տեղեկացնում է «Ռադիո Վատիկան»-ի կայքէջը, նա նշել է, որ Պապի այցելությունն ընդգծում է վերջինիս ցանկությունը՝ ցույց տալու իր մտերմությունը հայ ժողովրդին, որն իր երկար պատմության ընթացքում այդքան տառապել է, ինչպես նաև հայերի՝ խաղաղության ձգտումը կիսելու համար:
Լոմբարդին տեղեկացրել է, որ Ծիծեռնակաբերդ հուշահամալիր կատարելիք այցի ընթացքում Ֆրանցիսկոս պապը կհանդիպի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հետ: «Այցի շրջանակներում Հռոմի Պապը կհանդիպի կոտորվածների ժառանգների հետ՝ Ծիծեռնակաբերդ կատարելիք այցի ժամանակ: Հուշահամալիրը ոգեկոչում է այն 1.5 միլիոն հայերի հիշատակը, ովքեր սպանվել են 1915-1923 թթին Օսմանյան զորքերի կողմից»,- նշել է նա: