Բաժիններ՝

«ԼՂ հակամարտության կարգավորման համար եկել է կոնկրետ քայլեր անելու ժամանակը». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնաբանել է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ կայանալիք հանդիպումը և հայտարարել, թե ադրբեջանական կողմը հույս ունի, որ Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կերպով է լուծվելու: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Հաջորդ շաբաթ հանդիպում տեղի կունենա Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Հուսով ենք, որ տվյալ հարցը կարող է և պետք է ունենա խաղաղ ճանապարհով լուծում: Դրան հասնելու համար Հայաստանը պետք է հրաժարվի իր նվաճողական քաղաքականությունից և ազատի մեր հողերը»,- Ալիևի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը:

Ալիևի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար «եկել է կոնկրետ քայլեր անելու ժամանակը»:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է արագ լուծվի»,- ասել է նա: Միևնույն ժամանակ, Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր չէ շարունակել անբովանդակ բանակցություններ:

«Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե մենք պետք է շարունակենք անիմաստ բանակցությունները ևս 20 տարի, ապա սխալվում է: Մենք մտադիր չենք վարել անիմաստ բանակցություններ, մենք չենք վարի բանակցություններ՝ հանուն իմիտացիայի:

Անհապաղ, անվերապահորեն պետք է սկսվեն իմաստալից, բովանդակային բանակցություններ: Նման դեպքում հնարավոր կլինի մոտեցնել հարցի խաղաղ լուծումը»,- հայտարարել է Ալիևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս