Երևանում կայացել է վիզաների դյուրացման հարցերով ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեի երրորդ նիստը
Երևանում հունիսի 14-ին տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի երրորդ նիստը:
Նիստի մասնակիցներին ողջունի խոսք են ուղղել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Փոխնախարար Նազարյանն իր խոսքում շեշտեց, որ ներկայումս միգրացիոն հոսքերի կառավարման և անվտանգության ոլորտում ԵՄ առաջ կանգնած մարտահրավերների հետ մեկտեղ պետք է ճանապարհներ գտնել շարժունակության և մարդկանց միջև շփումների համատեղ հանձնառությունը պահպանելու համար:
Նշվեց նաև, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել թե Վիզաների դյուրացման և թե Հետընդունման ՀՀ-ԵՄ համաձայնագրերի իրականացմանը, և հույս հայտնեց նաև, որ այդ համաձայնագրերի հաջող իրականացումը կհանգեցնի ՀՀ հետ Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին, ինչն ամրագրված է Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի համատեղ հռչակագրում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան համաձայնագրի իրականացման հետ կապված մի շարք գործնական հարցերի: ԵՄ կողմն արձանագրեց վերջին տարիներին ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ անդամ պետությունների մուտքի արտոնագրերի դիմումների աճը: Երկուստեք շեշտվեց հանրային իրազեկվածուցության բարձրացման կարևորությունը:
Վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի նիստին զուգահեռ կայացավ նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի նիստը:
Հայկական կողմից վերը նշված նիստերը նախագահում էին ՀՀ ԱԳՆ հյուպատոսկան վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը և Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, իսկ ԵՄ կողմից` Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և Ներքին գործերի գլխավոր տնօրինության Վիզաների քաղաքականության բաժանմունքի պետի տեղակալ Դիդրիկ Պալմանը և նույն տնօրինության Անկանոն միգրացիայի և վերադարձի բաժնի «Վերադարձի և հետընդունման» ոլորտի ղեկավար Դան Ռոտենբերգը:
Ի գիտություն. Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի հարցերով համատեղ կոմիտեների ստեղծումը նախատեսված էր համաձայնագրերի դրույթների դիտանցումն իրականացնելու, համաձայնագրերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու և համաձայնագրերի կիրարկման հետ կապված այլ հարցերի քննարկման նպատակով: Կոմիտեների անդրանիկ նիստերը տեղի են ունեցել 2014թ.-ի սեպտեմբերին՝ Երևանում»: