Ակտոբեի հարձակման բոլոր մասնակիցները ձերբակալվել են. Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտե
Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի կայքը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ հունիսի 5-ին Ակտոբե քաղաքում հարձակման բոլոր մասնակիցները ոչնչացվել ու ձերբակալվել են, նրանց մոտ գտնվող զենքն առգրավվել է:
Հակաահաբեկչական կենտրոնի հաղորդագրության համաձայն, որն այսօր տեղադրվել է Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի կայքում, հաղորդվում է, որ հունիսի 5-ին մի խումբ անհայտ անձինք զինված հարձակում են իրականացրել զենքի երկու խանութի ու Ակտոբեի զորամասի վրա:
Քաղաքում հակաահաբեկչական օպերացիայի ռեժիմ էր սահմանվել, ինչի հետևանքով, ըստ Ղազախստանի ՆԳՆ-ի, ոչնչացվել էր 13 ենթադրյալ հանցագործ, մի քանի կասկածյալ ձերբակալվել էր, նվազագույնը 8 մարդու նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ակտոբեի հարձակումը անվանել էր ահաբեկչական ակտ: