Գերմանիայի Բունդեսթագի՝ ծագումով թուրք 11 պատգամավորի սպառնալիքների պատճառով թիկնապահներ են տրամադրվել
Ոստիկանները կապահովեն Բունդեսթագի՝ թուրքական արմատներ ունեցող 11 պատգամավորների անվտանգությունն այն բանից հետո, երբ նրանք հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության դրված 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին կողմ քվեարկեցին, ինչից հետո սկսեցին ստանալ անանուն սպառնալիքներ, հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:
Թուրք խորհրդարանականներին ուժեղացված անվտանգություն տրամադրելու որոշումն ընդունվել է Գերմանիայի քաղաքային, դաշնային ու քրեական ոստիկանության կողմից:
«Սպառնալիքները ծագումով թուրք պետական ծառայողների հասցեին անընդունելի են»,- թերթին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը՝ ընդգծելով, որ Գերմանիայում բնակվում է ավելի քան 3.5 միլիոն ծագումով թուրք մարդ ու նրանց մեծ մասը «լավ հարևաններ են ու Գերմանիայի հասարակության կարևոր մասը»:
Բանաձևի հեղինակը ծագումով թուրք գերմանացի պատգամավոր Ջեմ Օզդեմիրն էր: Բանաձևը հավանության էր արժանացել պատգամավորների մեծ մասի կողմից, մեկ պատգամավոր «դեմ» էր քվեարկել, մեկը՝ «ձեռնպահ»:
Փաստաթղթի ընդունումից հետո Թուրքիայի պաշտոնատար անձանց կողմից կոշտ քննադատություն էր հնչել ծագումով թուրք պատգամավորների հասցեին: Անկարան միանգամից հետ էր կանչել Գերմանիայում իր դեսպանին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Բունդեսթագի որոշումը լուրջ ազդեցություն կունենա երկու երկրների հարաբերությունների վրա, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն որոշումը որակել էր «ամոթալի»: