Ամալ Քլունին կներկայացնի ԻՊ-ից տուժած Նադիա Մուրադի և ցեղասպանված եզդիների շահերը
Իրավաբան, դերասան Ջորջ Քլունիի կինը` Ամալ Քլունին, կներկայացնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տուժած, Նոբելյան մրցանակի առաջադրված Նադիա Մուրադի ու ցեղասպանության ենթարկված եզդիների շահերը: Գրում է «New York times»-ը:
«Եվրախորհրդարանը, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը, ԱՄՆ կառավարությունը, Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը ճանաչել են եզդիների ցեղասպանությունը, որն իրագործել են ԻՊ ահաբեկիչները հյուսիսային Իրաքում: Ինչպե՞ս է լինում, որ մարդկությանը հայտնի լրջագույն հանցագործությունները մեր աչքի առաջ կատարվում են, սակայն չեն հետապնդվում Հաագայի Միջազգային դատարանի կողմից»,- ասել է Ամալ Քլունին «Կանայք աշխարհում» գագաթնաժողովին ուղղված հայտարարության մեջ:
Քլունին, ով մասնագիտացած է միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների պաշտպանության մեջ, կպայքարի, որպեսզի Իրաքում ԻՊ-ի ներկայացուցիչները պատասխանատվության ենթարկվեն եզդի աղջիկների ու կանանց ցեղասպանության, սեռական շահագործման համար:
Նադիա Մուրադն առևանգվել է ԻՊ-ի կողմից՝ հազարավոր այլ աղջիկների և կանանց հետ միասին, երբ 2014-ին օգոստոսին գերազանցապես եզդիաբնակ Շինգալ քաղաքն ընկել է ԻՊ-ի իշխանության տակ: Նրան հաջողվել է փախչել գերությունից և ճամփորդել աշխարհով մեկ՝ եզդիական կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ԻՊի կողմից իրականացված վայրագությունների վրա լույս սփռելու նպատակով: Նա մասնակցել է Երևանում ապրիլի 23-ին կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին: