«Այս համաձայնագրում որևէ տառ, բառ, ստորակետ, չակերտ կամ այլ կետադրական նշան չկա, որ կապված է Արցախի հետ». Էդուարդ Շարմազանով

Ովքեր դժգոհում կամ քննադատում են Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված ՀՕՊ համաձայանգիրը, հիմնականում ծանոթ չեն դրա տեսքին, տալիս են գնահատականներ, որոնք իրականության հետ կապ չունեն: Այս մասին այսօր Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գերագույն մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Հակառակ դեպքում, դժվար թե գրագետ մարդը կարդա համաձայնագրի տեքստը, և նրա մոտ մտավախություն առաջանա, որ Հայաստանի Հանրապետությունը, զինված ուժերն ինքնիշխանության մի մասը կամ հակաօդային պաշտպանությունը տալիս է այլ, թեկուզ դաշնակից երկրի կառավարմանը: Որպեսզի իմ հայտարարությունը մերկապարանոց չհնչի, ես խոսեմ փաստերով: Առաջին` համաձայնագիրը կնքվել է 2015թ. դեկտեմբերին:

Համաձայնագիրը կոչվում է «Հակաօդային պաշտպանության միավորված համակարգի համաձայնագիր»: Միավորված, այլ ոչ միասնական: Եթե Բելոռուսը և Ղազախստանը Ռուսաստանի հետ կնքել են միասնական համակարգի համաձայնագիր, որտեղ կա մեկ միասնական ղեկավարում, ապա Հայաստանը և Ռուսաստանի Դաշնությունը կնքել են միավորված համակարգի համաձայնագիր: Միավորված նշանակում է, որ կողմերը պահպանում են իրենց ինքնիշխանությունը: Համաձայնագրի 2-րդ հոդվածով դա հստակ նշված է:

Եվ պատահական չէ, որ մենք գնացել ենք այդ ճանապարհով, որպեսզի մեր զինված ուժերի հակաօդային պաշտպանության կառավարումը բացառապես իրականացվի ՀՀ զինված ուժերի կողմից: Այսինքն`բոլոր այն կարծիքները, որ այս համաձայնագրով ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության կառավարումն անցնում է մեր դաշնակից Ռուսաստանին կամ պետք է արվի նրա հետ համատեղ, իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա`քանի որ Հայաստանը և Ռուսաստանը չունեն ցամաքային սահման, Հայաստանի սահմանների ներքո առանձին ՀՕՊ համակարգ է նախատեսվում, որի ղեկավարումը ուղիղ իրականացնում է ՀՀ զինված ուժերի համապատասխան պաշտոնյան, որը հաշվետու է բացառապես ՀՀ գերագույն հրամանատարին. «Պաշտոնապես հայտարարում եմ` այս համաձայնագրում որևէ տառ, բառ, ստորակերտ, չակերտ կամ այլ կետադրական նշան չկա, որ կապված է Արցախի հետ»,- ասել է նա:

Նրա խոսքով` այս միավորված համակարգը մեզ հնարավորություն է տալիս օգտվել Ռուսաստան հակաօդային համակարգի լայն հնարավորություններից: «Այն հնարավորությունները, որ մենք չունենք, կարող ենք օգտագործել խաղաղ ժամակաշրջանում`մեր նպատակների համար: Եվ ես կարծում եմ, որ մենք այստեղ պետք է խոսենք ոչ թե մտահոգությունների, այլ լուրջ ձեռքբերումների մասին»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունն անհրաժեշտություն է, և ՀՀ-ն ՀԱՊԿ-ին անդամակցել է` ելնելով միայն իր պետական շահերից: «Մենք որևէ մեկին լավություն չենք անում, որ մտել ենք ՀԱՊԿ: Մենք դա արել ենք` հաշվի առնելով մեր անվտանգության համակարգի ամրապնդումը»,- ասել է նա` նշելով, որ բոլոր խնդիրներով հանդերձ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունն արդարացված է:

Տեսանյութեր

Լրահոս