«Գարեգին Նժդեհի արձանը չի ապամոնտաժվի». Էդուարդ Շարմազանովի պատասխանը՝ Ռուսաստանից հնչող պահանջներին

Հայաստանը չի ընկրկի Ռուսաստանից հնչող պահանջների առջև և չի հանի Գարեգին Նժդեհի արձանը: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` բացառելով որևէ դեպքում արձանի ապամոնտաժումը: «Ինչպես ռուսների համար Ալեքսանդ Նևսկին է, Կուտուզովը և Սուվորովը, այնպես էլ մեզ համար Թումանյանն է, Չարենցն է, Վարդան Մամիկոնյանն ու Նժդեհը»,- ասաց Է.Շարմազանովը:

Ըստ նրա` ռուսական որոշ շրջանակների դժգոհությունը, թե Նժդեհի արձանի տեղադրումը «դեմարշ» է Ռուսաստանի դեմ, անգրագետ, մակերեսային ու պրիմիտիվ մտածելակերպ է, և նախևառաջ՝ պետք է մեղադրեն Մոլոտովին ու Խորհրդային Միությանը` 1939թ. Մոսկվայում կնքված և պատմության մեջ հայտնի Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի համար: Հիշեցնենք, որ մի շարք ռուս պատմաբաններ ու քաղաքական մեկնաբաններ անհասկանալի ու անընդունելի են որակել Երևանում Գարեգին Նժդեհի արձանի կանգնեցումը և պահանջել են ապամոնտաժել այն, քանի որ արձանը վկայում է «Հայաստանում ֆաշիզմի վերականգնման մասին»։

«Նժդեհը ֆաշիզմի տարիներին ստեղծել էր «Հայկական լեգեոնը»՝ Վերմախտի կազմում, որը հետագայում՝ 1944թ.-ին, անցել էր SS զորքերի կազմ, որոնք «Նյուրնբերգյան տրիբունալի կողմից վճռվել են՝ որպես արգելված և հանցավոր ռազմական կազմակերպություններ, հետևաբար նաև՝ բոլոր նրանք, ովքեր կապ են ունեցել այդ կառույցների հետ, համարվում են ռազմական հանցագործներ, որոնք գտնվում են օրենքից դուրս` անժամկետ ռեժիմով»:

Ռուս փորձագետներից Օլեգ Կուզնեցովն անգամ արձանի կանգնեցման մեջ ոչ միայն՝ ներքին, այլ նաև՝ արտաքին շերտ էր տեսել, ըստ որի՝ իբր, երևում է, որ Քոչարյան-Սարգսյանի ղարաբաղյան կլանը պատրաստ է գնալու միջազգային դրության ցանկացած սրացման, միայն թե կարողանա համախմբել հայ հասարակությանը` երկրում ներկա վիճակի պահպանման աջակցության համար:

Նա պահանջել էր, որ Մոսկվան փոխի Երևանի հետ իր հարաբերությունների տոնը և առնվազն բողոքի նոտա հղի Երևանին` պահանջելով ապամոնտաժել այդ արձանն ամենակարճ ժամկետներում:

Տեսանյութեր

Լրահոս