«Ճարպոտ սննդի սիրահարները պետք է ուշադիր լինեն». Հովակիմ Զաքարյան
Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ճարպոտ սննդի սիրահարները պետք է ուշադիր լինեն…
Վերջերս Neural Plasticity ամսագրում Տեխասի համալսարանի գիտնականները մի հոդված են տպագրել, որում ցույց է տրվում, որ ճարպոտ սնունդը բացասական ազդեցություն է թողնում հիշողության վրա: Փորձերը կատարվել են մկների վրա, որոնց երկար ժամանակ կերակրել են ճարպոտ սննդով: Նման մկների մոտ նկատվել է հիպոկամպի նեյրոնների աշխատունակության անկում, իսկ հիպոկամպը ուղեղի այն հիշողության պահպանման գլխավոր բաժիններից մեկն է: Ճարպով սնված մկների մոտ նվազել են կոգնիտիվ հատկանիշները, նրանք ավելի վատ են կողմնորոշվել տարածության մեջ:
Բացի հիշողության վատացումից մկների մոտ նկատվել է շաքարախտի երկրորդ տեսակը, որի ժամանակ նվազում է բջիջների ընկալունակությունը ինսուլինի հանդեպ. այսինքն բջիջները սկսել են ավելի վատ վերցնել գլյուկոզն արյունից: Սա նույնպես ազդում է նեյրոնների նորմալ գործունեության վրա:
Չնայած այս աշխատանքը կատարվել է մկների վրա, սակայն չի բացառվում, որ ճարպոտ սնունդը նման բացասական ազդեցություն ունի նաև մարդկանց համար»: