«Թուրքիան Գերմանիայից լավը չի կարող լինել ու պետք է պատասխան տա». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված որոշ դիտարկումներ` Գերմանիան ժամանակին կրել է պատասխանատվություն Հոլոքոստի համար։ Ուրեմն Թուրքիան Գերմանիայից լավը չի կարող լինել ու պետք է պատասխան տա։
Նույն պատճառով Գերմանիան ընդունել է նաև իր մեղքի բաժինը Մեծ եղեռնի հարցում։

Իհարկե, հարցի բարոյական կողմը ուղեկցվել է նաև որոշ քաղաքական զարգացումներով, ինչը չի կարող ստվերել գերմանական ճանաչման իրական արժեքն ու նշանակությունը։
Գերմանիայի ճանաչումով կարող ենք ասել, որ Եվրոպական միությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը այլևս լուծված է նաև ռեալպոլիտիկի հարթության մեջ։
Մեր մտահոգությունները, որ 100 ամյակից հետո ցեղասպանության ճանաչման հարցը կարող է խամրել, իրականությանը չեն համապատասխանում։

Հայ-թուրքական արձանագրությունները ոչ միայն չեն խոչընդոտել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, այլև հայկական կողմի հստակ կեցվածքով միայն վերջին տարիներին Մեծ Եղեռնը ճանաչվել է Գերմանիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Վատիկանի, Եվրախորհրդարանի, Եվրոպական ժողովրդական կուսակցության կողմից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։

Տեսանյութեր

Լրահոս