«Գերմանիայի Բունդեսթագի ճանաչումը դռներ է փակում դեպի ժխտողականություն և նորանոր հանցագործությունները մարդկության նկատմամբ». Էդուարդ Շարմազանով

Գերմանիայի Բունդեսթագի կողմից հայող ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր է, այն դժվար է թերագնահատել: Այս մասին այսօր Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գործադիր Մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ես այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ տիկին Բուլմանի հետ և բարձր եմ գնահատել գերմանացի պատգամավորների նման դիրքորոշումը և ևս մեկ անգամ վերահաստատել, որ առանցքայինը նա է, որ մի պետություն, որն առաջին աշխարհամարտում եղել է Թուրքիայի դաշնակիցը, ճանաչեց ցեղասպանությունը: Տարոսը` մնացած երկրներին»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում Գերմանիայի դերակատարման մասին`նա նշել է. «Հայաստանի Հանրապետության կարծիքը հստակ է`Ցյուրիխյան արձանագրությունները պատմության գիրկը կամ պատմության խորքային դարակ մտցրել է ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ Թուրքիան: Թուրքիան է բազում անգամներ Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո հանդես եկել նախապայմաններով: Թուրքիան պետք է քայլ կատարի, և դժբախտաբար, Թուրքիան ոչ միայն քայլ չի կատարում, այլ հետ քայլ է կատարում` նախապայմաններ դնելով:

Այն հանգամանքը, որ Թուրքիայի նախագահը արագ կերպով հետ է կանչել Բեռլինում Թուրքիայի դեսպանին, որ Թուրքիայի քաղաքական վերնախավի բազում գործիչներ հասցրել են էմոցիոնալ հայտարարություններով հանդես գալ, քվեարկությունից առաջ և հետո շանտաժները շարունակվում են, խոսում է մի կարևորագույն փաստի մասին, որ թուրքական քաղաքական վերնախավը, թուրքական իշխանությունը պատրաստ չէ առերեսվել և հաշտվել սեփական պատմության հետ: Թուրքիայի քաղաքական վերնախավն այս 100 տարիների ընթացքում գրեթե ոչինչ չի սովորել, ոչինիչ էլ չի մոռացել»:

Էդուարդ Շարմազանովն ասել է, որ հավատում է` ուշ թե շուտ միջազգային քաղաքականության բոլոր հիմնական դերակատարները պետք է ճանաչեն ցեղասպանությունը. «Այլ ճանապարհ չկա: Եթե միջազգային հանրությունը, մարդկությունը, հիմնական խաղացողները ցանկանում են, որպեսզի չկրկնվեն նոր ցեղասպանություններ, միակ ուղին նախկին ցեղասպանությունների դատապարտումն է:

Գերմանիայի Բունդեսթագի ճանաչումով ճանապարհ է բացվում, պատուհան է բացվում, դռներ են բացվում դեպի նոր ճանաչումներ: Գերմանիայի Բունդեսթագի ճանաչումը դռներ է փակում դեպի ժխտողականություն և նորանոր հանցագործությունները մարդկության նկատմամբ, ինչպիսին եղել է հայոց ցեղասպանությունը և քրիստոնյա ժողովրդների ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս