«Սերժ Սարգսյանը չպետք է գնար Աստանա». Արամ Սարգսյան
«Ղազախստանում քաղաքական իրավիճակը հանգիստ չէր, այնտեղ բողոքներ կային, ցույցեր էին արվում հողի մասին օրենքի պատճառով, թեև խնդիրը ոչ թե այդ օրենքն է, այլ ժողովուրդը հոգնել է Նազարբաևից, նրա տարիքային քմահաճույքներից, ընտանիքի պահվածքից: Եվ բավականին լուրջ երիտասարդություն էր փողոց դուրս եկել: Դա հրաշալի պահ էր, որ ՀՀ արտգործնախարարությունը, իշխանությունները, մասնավորապես` Սերժ Սարգսյանը, դիմեր Ռուսաստանին, ԵՏՄ նիստը Ղազախստանից տեղափոխելու այնպես, ինչպես իրենք դիմեցին` օժանդակելով Ադրբեջանին:
Սերժ Սարգսյանը չպետք է գնար, պետք է դիմեր և ասեր` այնտեղ վիճակը լարված է ժողովրդավարական խնդիրների պատճառով, և պահանջեր նիստը տեղափոխել այլ տեղ: Սա պետք է արվեր, որպեսզի Ղազախստանի իշխանություններն էլ, ժողովուրդն էլ մտածեին ու հետևություններ անեին»,- 168.am-ին ասել է ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը` մեկնաբանելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Սերժ Սարգսյանի այցն Աստանա:
Ըստ նրա` դա նաև կլիներ շատ ժողովրդավարական քայլ Ս. Սարգսյանի կողմից, որ կողջուներ նաև Արևմուտքը. «Իսկ Սերժ Սարգսյանին Արևմուտքի քաղցր աչքով նայելը, իմ կարծիքով, ինքն էլ է հասկանում, որ այժմ շատ կարևոր է»:
Ա.Սարգսյանը նշեց, որ ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպմանը Ս.Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, գլոբալ խնդիրների չի անդրադառնա, բայց Պուտինն ինքը կարող է անդրադառնալ, որովհետև ՌԴ-ն հակված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում առաջատարություն վերցնելու և հակված է հաճելի որոշումների գնալու, քանի որ Ադրբեջանից սպասելիքներ ունի:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: