Բաժիններ՝

Տրանսպորտի և կապի նախարարությունում էլ են ավտոմեքենաներ կրճատելու

Գույքային և հաստիքային կրճատումներ սպասվում են նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում: Փոխնախարար Արթուր Առաքելյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ վարչապետի հանձնարարությամբ՝ իրենց նախարարությունում աշխատանքային խումբ են ստեղծել և վերլուծել իրավիճակը:

«Այդ թվերը և ցուցանիշները մենք մատչելի կդարձնենք, բայց մեզ մոտ կային լուծումներ, որոնք մինչև հանձնարարականն են եղել: Մասնավորապես, երբ հեռուստատեսային ազդանշանի թվայնացումը եղավ, խոշոր մեր ընկերություններից մեկում արդեն իսկ մեծ կրճատումներ նախատեսեցինք և իրականացնում ենք, քանի որ անցնում ենք թվայինին: Մեքենաներ շատ ունեինք, բայց ոչ՝ մարդկանց սպասարկող, այլ ավելի շատ՝ տեխնիկական սպասարկման նպատակներով՝ բեռնատարներ և հատուկ նշանակության մեքենաներ, որոնք կկրճատվեն, բայց դրանք կրճատվելու էին՝ անկախ այս պրոցեսից: Մեր նախարարությունն ունի 13 մեքենա, այդտեղ էլ կրճատումներ կլինեն, քննարկումները շարունակվում են, բայց այս պահին 4 մեքենա կկրճատենք»,- նշեց փոխնախարարը:

Ա. Առաքելյանի խոսքով՝ հաստիքային կրճատումները դեռ քննարկման ընթացքում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս