ԱՄՆ-ն «Իսլամական պետության» դաշտային հրամանատար է ոչնչացրել Էլ-Ֆալուջայում
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատարը Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքում ոչնչացվել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն օդանավի ավիահարվածից: lenta.ru-ն հայտնում է, որ Պենտագոնի տվյալներով՝ Մահեր ալ-Բիլաուին այն 70 զինյալներից է, ովքեր ոչնչացվել են ռմբակոծման ժամանակ:
Մայիսի 27-ին Իրաքի բանակը սունիական աշխարհազորայինների աջակցությամբ սկսել է ազատագրել Էլ-Ֆալուջան: Ամերիկյան զինվորների տեղեկությունների համաձայն՝ քաղաքում մնում է 50 հազար խաղաղ բնակիչ: Նրանց համար ինքնաթիռներից նետում են տարհանման ճանապարների քարտեզներ:
Էլ-Ֆալուջան Անբար նահանգի արևմուտքում է և գտնվում է ԻՊ վերահսկողության տակ 2014 թ. սկսած: Ապրիլին հայտնի էր դարձել, որ այս խմբավորման ահաբեկիչները սկսել են սպանել մարդկանց, ովքեր փորձում են հեռանալ քաղաքից:
Ենթադրվում է, որ ԻՊ-ն պլանավորում է օգտագործել քաղաքացիական բնակչությանը, որպես կենդանի վահան, եթե սկսվեն ռազմական գործողություններ: