Հայ գիտնականի սենսացիոն հայտնագործությունը. «Առաջին անգամ հնարավոր է լիովին բուժել աչքի և՛ թթվային, և՛ հիմնային այրվածքները»

«Լուսածին» աչքի միկրովիրաբուժական կլինիկայի տնօրեն, ակնաբույժ, պրոֆեսոր Մանուկ Մանուկյանն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց իր գյուտը. 10 տարվա ընթացքում 300 ճագարների աչքերի վրա փորձարկված դեղամիջոց, որով, ըստ նրա՝ առաջին անգամ հնարավոր է լիովին բուժել և՛ թթվային, և՛ հիմնային այրվածքները՝ լիակատար վերականգնելով հյուսվածքը:

«Մեր դեղամիջոցը քիմիական այրվածքի ժամանակ հյուսվածքներն այնպես է վերականգնում, ինչպես մեխանիկականի ժամանակ: Որպեսզի դա ապացուցենք, մենք կատարեցինք այդ բջիջների կենսոլոգիական, կենսաքիմիական, ցիտոքիմիական, ֆերմենտաքիմիական և, ի վերջո, նաև էլեկտրոմիկրոսկոպիկ հետազոտություններ: Այդ բջիջները 58 հազար անգամ մեծացրեցինք և կարողացանք ուսումնասիրել: Մի խոսքով՝ լրիվ բուժումից հետո էթանոլամին դեղամիջոցով վերականգնվում է հյուսվածքի ստրուկտուրան, թափանցելիությունը»,- նշեց գիտնականը՝ հավելելով, որ մարդկանց վրա փորձարկումներ անցկացնելու համար գումար է հարկավոր, որը չունեն. «Դիմել ենք նախագահին, կառավարությանը, առողջապահության նախարարին, պաշտպանության նախարարին, վարչապետին, ու բոլոր տեղերում փողի խնդիրն է: Փող պետք է ունենան, որ փորձարկումներն անեն»:

Ըստ գիտնականի՝ դեղամիջոցն ինքնին մատչելի է. «Մեկ լիտրն արժե 5 դոլար, այդ 5 դոլարով 1000 հատ ֆլակոն կարելի է պատրաստել ու մեկ հատը 2 դոլարով վաճառելով՝ կարելի է 4000 դոլար եկամուտ ունենալ»: Նրա խոսքով՝ զինվորների անհատական դեղարկղում էթանոլամինի առկայությունը պարտադիր պետք է լինի, որպեսզի քիմիական այրվածքի դեպքում կարողանան իրենք իրենց արագ օգնություն ցուցաբերել՝ այն կաթեցնելով աչքերի մեջ:

Ակնաբույժը նշեց, որ արտերկրից արձագանքները եղել են դրական. «Սա սենսացիա է: Ես կուզեի, որ Հայաստանը սկսի արտադրել ու միլիոնների օգուտ կարող է ունենալ: Շվեյցարիայից արդեն համագործակցության առաջարկ էին անում, բայց մտանք ԵՏՄ, ու չցանկացան համագործակցել մեզ հետ»:

Կարդացեք նաև

Իսկ ճագարների վրա փորձն արվել է հետևյալ կերպ. «Ֆիլտրված թուղթը մտցնում ենք ծծմբական թթվի մեջ, թաց-թաց դնում աչքի վրա, անմիջապես քայքայվում է ամբողջ եղջերաթաղանթը: Երբ հանում ես թուղթը, արդեն մեծ քիմիական խոց է տեղում: Ու սկսում ենք բուժել: Երկու ամսում հյուսվածքները վերականգնվում են»: Գիտնականը նաև հավելեց, որ հին այրվածքը չի բուժվում.

«Դեպքը պետք է լինի թարմ: Եթե հիվանդն այրվածք է ստանում ու անմիջապես սկսում է բուժվել, խնդիր չի առաջանում: Բայց եթե սպիանում է, արդեն իմաստ չունի»:

Ըստ doctors.am-ի՝ Մանուկ Մանուկյանն ավարտել է Երևանի Պետական բժշկական համալսարանը: Վերապատրաստվել է Դոնի Ռոստովում: Մասնագիտական գործունեությունը՝ կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի ճշգրիտ ախտորոշում, կատարակտի վիրահատություն, մանկական շլությունների ուղղում՝ առանց վիրահատության, աչքի բոլոր տեսակի հիվանդությունների բուժում: Բազմաթիվ նորարարական առաջարկությունների, գիտական հոդվածների և 30 համաշխարհային գյուտերի հեղինակ է, այդ թվում՝ աչքի քիմիական այրվածքների բուժման համար նախատեսված Էթանոլամին միացության գյուտի հեղինակն է: Ամուսնացած է, ունի 4 երեխա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս