Բաժիններ՝

«Երևի մեր նախագահն ուզում է հետմահու խոսել մեզ հետ». Նիկոլայ Ծատուրյան

ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն ու երգահան Արտավազդ Բայաթյանն այսօր լրագրողների հետ քննարկեցին ապրիլյան պատերազմի հետքերը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ղարաբաղաադրբեջանական շփման գծում հողատարածք կորցնելու մասին արված հայտարարությունը, ինչպես նաև կիսվեցին իրենց տեսակետներով՝ արդյոք չի՞ հասունացել երկրի նախագահի՝ ժողովրդի հետ խոսելու պահը:

Արտավազդ Բայաթյանն ասաց, որ նախագահ Սարգսյանի՝ Վիեննայի հանդիպումից վերադառնալիս ինքնաթիռում տված վերջին հարցազրույցը նայել է հենց առաջին օրը. «Որ ասեմ՝ մի նոր բան լսեցի՝ոչ մի նոր բան էլ չլսեցի: Ինչ որ կար, այն էլ կար՝ նույն հարցերին՝ նույն պատասխանները… Իսկ ինչ վերաբերում է ժողովրդի հետ խոսել-չխոսելու հարցին, ապա դա, ըստ իրադարձությունների զարգացման, ինքը՝ նախագահն է որոշելու՝ երբ կխոսի: Ես գիտեմ, որ շատ պատասխանատու պահերին երկրի ղեկավարները շատ հաճախ են դիմում ժողովրդին, ընդ որում՝ բավականին անկեղծ ու անմիջական տեքստով: Պարզապես բանակցություններն ինչ-որ անհասկանալի գաղտնի ֆորմատով են ընթանում, մշտապես օդում կախված զգացողություն կա, թե ղեկավարները գիտեն ինչ-որ շատ կարևոր գաղտնիքներ, բայց մեզ չեն ասում: Կարծում եմ՝ ապրիլյան առաջին օրերին տեղի ունեցած պատերազմի ֆոնին ժողովրդի հետ խոսելու չափազանց սխալ քաղաքականություն որդեգրեցին, ու հիմա, երբ արդեն կամաց-կամաց բացահայտվում են մեր տարածքային կորուստների իրական չափերը, ինչպես նաև զոհերի թիվը, անխուսափելիորեն անվստահության մթնոլորտ է ձևավորվել, և, որպեսզի նախագահը որոշի ուղերձով դիմել իր ժողովրդին, նա պետք է վստահ լինի, որ կստանա նրա աջակցությունն ու օգնության պատրաստակամությունը»:

Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը ևս համաձայն է նախորդ բանախոսի հնչեցրած այն կարծիքի հետ, որ ամեն ինչ շատ խառն է, որովհետև մենք օբյեկտիվ իրականությունը չգիտենք. «Մի անեկդոտից սկսեմ՝ մի մարդ ոսկե ձկնիկ է բռնում, ձուկն ասում է՝ ի՞նչ ես ուզում քեզ համար անեմ, որ ինձ բաց թողնես՝ հարստությո՞ւն, ունեցվա՞ծք, կանա՞յք… Ասում է՝ ամեն ինչ ունեմ, միայն հերոսի կոչում չունեմ: Ձուկը նայում, նայում է ու ասում՝ կտամ, ու նույն պահին սկսվում է սոսկալի մի պատերազմ: Էս մարդը նռնակներով սկսում է պայքարել տանկերի դեմ, նետում է նռնակը՝ տանկը գալիս է իր վրա, երկրորդն է նետում՝ էլի օգուտ չունի, երրորդը, չորրորդը… Մի խոսքով, էս մարդը հասկանում է՝ վա՛յ, ես քո հերն եմ անիծել, ուրեմն էդ ձուկը որոշել է ինձ հետմահու հերոսի կոչում տալ: Հիմա երևի մեր նախագահն ուզում է հետմահու խոսել մեզ հետ, ես չգիտեմ, որովհետև ոչ մի անգամ ես չտեսա ու չլսեցի կոնկրետ ու իրական զրույց ժողովրդի հետ: Էն, ինչ ասացին, պարզվում էր՝ սուտ է: Երկու գյուղեր դատարկվել են, որովհետև գիտենք, որ շատ կարևոր դիրք ունենք կորցրած, որի պայմաններում այդ գյուղերում ապրող մարդկանց կյանքը վտանգված է»:

Արտավազդ Բայաթյանը գտնում է, որ մենք մեծ մոլորության մեջ ենք հայտնվում այն պահից, երբ սկսում ենք թերագնահատել մեր թշնամու ուժերը.

Կարդացեք նաև

«Մենք պետք է իմանանք, որ մեր հակառակորդն իրապես շատ ուժեղ է, և ապրիլյան պատերազմը դա ցույց տվեց: Հիմա չեմ ուզում վերլուծություններ անել, թե ինչո՞ւ դա պատահեց, բայց մեծ հաշվով՝ մենք պարտվեցինք: Հերիք է հակառակորդ կողմին ներկայացնենք ոչխարների կամ կամազուրկների տեսքով, ո՛չ, դա այդպես չէ: Ազատվեք այդ պատրանքներից, որպեսզի ավելի սթափ և ռեալ կարողանանք դատել ստեղծված իրականությունը: Ի վերջո, այո, մեր թշնամին նենգ է և բարոյազուրկ՝ իր դրսևորած բոլոր նողկալի արարքներով հանդերձ, բայց, բայց եկեք ընդունենք, որ այս պատերազմը, որը, ի դեպ, երբեք էլ չի դադարել պատերազմ լինելուց, իրենց համար տարածքային խնդիրներ է լուծում, մեզ համար գոյության պայքար է դառնում: Մենք ուղղակի լինել-չլինելու վտանգի առաջ ենք հայտնվում, սա է իրականությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս