Հայաստանի ռուսական ռազմակայանում մարտական պատրաստության ինտենսիվությունն աճել է 1,5 անգամ
Հայաստանի ռուսական ռազմակայանում 2016 թվականին մարտական պատրաստության պարապմունքների ինտենսիվությունը, ներառյել հրաձգությունը, մարտական մեքենաների վարումը եւ օդուժի թռիչքները, ավելացել է 1,5 անգամ:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, 2016 թվականի ուսումնական ժամանակաշրջանում «Կամխուտ» եւ «Ալագյազ» լեռնային զինափորձարաններում անցկացվել է կրակային պատրաստության շուրջ 3,5 հազար պարապմունք՝ հրաձգային զենքի կիրառմամբ, եւ շուրջ 500 պարապմունք՝ մարտական մեքենաների սպառազինության կիրառմամբ, շուրջ 20 տակտիկական վարժանք, այդ թվում՝ ՄիԳ-29 կորածիչների եւ Մի-8ՄՏ, Մի-24Պ ուղղաթիռների մասնակցությամբ:
«Էրեբունի» ռուսական ավիաբազայի զինվորական օդաչուները կատարել են ավելի քան 500 թռիչք: ՄիԳ-29 կորածիչների եւ Մի-8ՄՏ, Մի-24Պ ուղղաթիռների անձնակազմերի թռիչքները կազմել են ավելի քան 2000 ժամ:
Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները Կրասնոդարի երկրամասի եւ Աստրախանի մարզի ռուսական զինափորձարանների հաջողությամբ են կատարել ստուգարքային մարտական հրաձգությունները «Բուկ» զենիթահրթիռային համալիրներից, C-300 զենիթահրթիռային համակարգերից եւ «Իգլա» շարժական զենիթահրթիռային համալիրներից:
Դաշտային պարապմունքների եւ ճամբարային հավաքների ընթացքում անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման զինծառայողները կանոնավոր կերպով իրականացրել են ուսումնամարտական թռիչքներ, դիտարկում իրականացրել տարբեր օբյեկտների նկատմամբ եւ ֆոտո ու տեսատվյալներ փոխանցել «Նավոդչիկ-2» եւ «Օռլան-10» ժամանակակից համալիրների օգտագործմամբ:
Ամփոփելով ուսուցման անցած շրջանում Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորների ստորաբաժանումների մարտական պատրաստության արդյունքները՝ ռուսական ռազմակայանի հրամանատար գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովը նշել է, որ զինծառայողները բոլոր առաջադրանքները կատարել են սահմանված ժամկետներում եւ պատշաճ մակարդակով: