Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատողի, ով ներկայացել է որպես Պակիստանի քաղաքացի
Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են մի իրավախախտի, որը ապօրինաբար հատել է հայ-թուրքական սահմանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, անցած հանգստյան օրը Արտաշատի սահմանապահ ջոկատի սահմանապահները Արաքս գետի մոտ աշխատող տեղի բնակիչներից տեղեկատվություն էին ստացել անհայտ մարդու մասին, որը հետիոտն շարժվում էր սահմանագծից:
Տագնապի ազդանշանով մեկնել է սահմանապահների խումբը՝ բռնելու սահմանախախտին:
Սահմանապահների գործողությունների հետ միաժամանակ ՀՀ բոլոր ուժային գերատեսչությունները, կամավորների ջոկատների անդամները եւ տեղի բնակիչները ծանուցվել են հնարավոր իրավախախտի մասին:
Արաքսավանի շրջանում կամավորական ջոկատների անդամների համաձայնեցված գործողությունների արդյունքում անհայտ անձը բռնվել է եւ հանձնվել Ռուսաստանի սահմանապահներին:
Նախնական հարցաքննության ընթացքում ձերբակալվածը պարզաբանել է, որ Պակիստանի քաղաքացի է՝ ծնված 1998 թվականին, եւ մտադրվել էր Հայաստանի տարածքով հասնել Եվրոպա:
Նույն օրն անցկացված ֆիլտրացիոն միջոցառումներից հետո սահմանախախտը սահմանված կարգով հանձնվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին, որոնք կստուգեն ձերբակալվածի վարկածը եւ կպարզեն տվյալ իրավախախտման բոլոր հանգամանքները:
Կամավորական ջոկատների այն անդամները, ովքեր մասնակցել են սահմանախախտի ձերբակալմանը, ՀՀ պետական սահմանի պաշտպանությանը ակտիվորեն աջակցելու համար կխրախուսվեն վարչության պետի կողմից: