Վարույթ է ընդունվել նախկին ոստիկանի կողմից ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ քրեական գործը
ՀՀ ոստիկանության նախկին ծառայող Հրաչյա Ֆ.-ն, ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով Էդգար Մ.-ի հետ, 2016 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 04:25-ի սահմաններում, բաց պատուհանից ապօրինի մուտք են գործել քաղաքացի Լևոն Ա.-ի տուն և որպես զենք հանդիսացող ատրճանակի ու դանակի գործադրմամբ հարձակվել են Լևոն Ա.-ի, Դավիթ Ա.-ի, Անուշ Ա.-ի և Սամվել Հ.-ի վրա՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ:
Տանտերերը դիմադրություն են ցույց տվել, ինչի արդյունքում ավազակային հարձակում կատարած Հրաչյա Ֆ.-ն ստացած վնասվածքներից մահացել է, իսկ Էդգար Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: