«Մուրճն էլ, մեխն էլ ձեր ձեռքին է. Այդ առաջարկները կանոնակարգը թույլ չի տալիս քննարկել, լավաշի մեջ էլ մտած չեն»
Այսօր ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Ընտրական օրենսգրքի նախագիծը: Նախքան բուն քննարկմանն անցնելը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ԸՕ 5 պահանջներին սատարել են ընդդիմադիր 3 խմբակցությունները, քաղաքացիական հասարակությունը, սակայն բանակցությունները դրանց ընդունման վերաբերյալ արդյունք չեն տվել, այսինքն` կոնսենսուս չկա, նաև չեն քննարկվել ՀԱԿ ներկայացրած այլ առաջարկներն ԸՕ-ի վերաբերյալ: Լ.Զուրաբյանը նշեց, որ նաև Թրանսփարենսի Ինթերնեյշնլի կողմից ներկայացված են բազմաթիվ շատ կարևոր առաջարկներ:
«Շտապողականությունը, որ դրսևորվում է, պայմանավորված է Սահմանադրությամբ, սակայն չի կարելի թույլ տալ, որ ընդունվի շտապողականության մթնոլորտում քննարկված ԸՕ,- ասաց Լ.Զուրաբյանը` պահանջելով, որ հենց հիմա հրապարակային երաշխիքներ տրվեն, որ ԸՕ ընդունումից հետո կքննարկվեն իրենց առաջակները և կոնսենսուսի խնդիրը,- Դրանից է կախված մեր մասնակցությունը երկրորդ ընթերցման քննարկումներին»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այսօր արդեն երկրորդ ընթերցումն է, իսկ առաջարկները կարող են բարձրացնել քննարկման ժամանակ:
ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը նշեց, որ իրենք էլ ակտիվ և կառուցողական մասնակցություն են ցուցաբերել, և ժամանակի բերումով հնարավոր չէր ավելի արագ ներկայացնել առաջարկները, որոնք պետք է քննարկման առարկա դառնան:
Գ.Սահակյանը չհամաձայնեց հետաձգել քվեարկությունը և հորդորեց առաջարկները ներկայացնել երկրորդ ընթերցման ժամանակ` պատճառ չդառնալով, որ արտահերթ նիստ հրավիրվի մինչև հունիսի մեկը: Անսալով ԱԺ նախագահին` Հ.Մարգարյանը կառավարության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին հանձնեց իրենց առաջարկությունների փաթեթը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի կարծիքով` առաջարկն անքան կանոնակարգային չէ, որքան քաղաքական, և պետք է հնարավորություն ստեղծել իրենց առաջարկները քննարկելու. «Մուրճն էլ, մեխն էլ ձեր ձեռքին է: Այդ առաջարկները կանոնակարգը թույլ չի տալիս քննարկել, լավաշի մեջ էլ մտած չեն»:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ ընդդիմության 5 առաջարկներին ինքն էլ է միացել, նաև սեփական նախաձեռնությամբ ներկայացրել է 37 առաջարկ և ակնկալում է դրանց վերաբերյալ կետ առ կետ պատասխան ստանալ:
«Մտել ենք մի գործընթացի մեջ, երբ ԸՕ ֆունդամենտալ փոփոխությունն ուզում ենք անել ընտրություններից մի քանի ամիս առաջ: Հետաքրքիր է, որ Վենետիկի հանձնաժողովի ընտրական գործընթացի ուղենիշները ստորագրված ցուցակների հրապարակման հարցում դարձրել եք Աստվածաշունչ, իսկ այս հացում, չգիտես ինչու, դուք լրիվ արհամարում եք ՎՀ ուղենիշները, որտեղ հստակ գրված է, որ նման հիմնարար փոփոխությունները մեկ տարուց ավելի շուտ պետք է ապահովվի»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը` հավելելով, որ միջազգային կառույցները սպասում են կոնսենսուսի, և, որ դա լինի ընդգրկուն քաղաքական պրոցես: Ըստ նրա՝ եթե չեն հայտարարում, որ արտահերթ նիստ կանցկացնեն բոլոր առաջարկները քննարկելու համար, ուրեմն իրենք դադարեցնում են մասնակցությունը նաև երկրորդ ընթերցմամբ քննարկմանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դ.Հարությունյանի կարծիքով` այսօր երկրորդ ընթերցմամբ կամ հետագայում երրորդ ընթերցմամբ ԸՕ նախագիծը ներկայացնելով՝ չեն բացառվում դրա շուրջ հետագա աշխատանքները. «Կոնսենսուսի պարագայում մենք կհրավիրենք Ազգային ժողովի արտահերթ նիստ և կներկայացնենք այն առաջարկությունները, որոնց վերաբերյալ համաձայնության ենք եկել»: