Բաժիններ՝

«Ամեն մի հրթիռի դեմ պետք է 10 հատ կրակես, մենք դեռ չենք անում դա». Միքայել Անդրեասյան

Արցախյան պատերազմի և Շուշիի ազատագրման գործողության մասնակից, օդաչու Միքայել Անդրեասյանի գնահատմամբ՝ Շուշիի ազատագրման ժամանակ մեր օդանավակայանը հոյակապ աշխատել է:

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսելով մեր այսօրվա օդային պաշտպանության մասին՝ նա նշեց, որ հիմա մենք շատ օդաչուներ ունենք. եթե կռվի ժամանակ անհրաժեշտ է մեկ ինքնաթիռին երեք օդաչու ունենալ, մենք ունենք մեկին՝ հինգ օդաչու, ինչը շատ լավ է:

Նա նշեց, որ իրենք առաջարկներ են ներկայացրել անօդաչու սարքերի դեմ, և այդ առաջարկներն ընդունվել են, բայց չհստակեցրեց՝ կոնկրետ ինչ առաջարկների մասին է խոսքը, և, թե երբ դրանք կգործարկվեն:

«Ունենք լավ պոտենցիալ, և այս մի քանի օրվա պատերազմը ցույց տվեց, որ նաև լավ ջահելություն ունենք, եթե ոչ մեկը չէր, սպասում, հիմա տեսան: Այս օրերին բժշկական ինստիտուտից շատ աղջիկներ էին գալիս ԵԿՄ: Մենք աղջիկներ ունենք, որոնք հենց հիմա ուզում են գնալ՝ որպես դիպուկահար»,- նշեց Մ. Անդրեասյանը:

Նա նշեց, որ այս քառօրյա պատերազմի օրերին ինքը երեք անգամ փորձել է գնալ մարտադաշտ, սակայն այստեղ իր օդաչու ընկերները չեն թողել՝ ասելով, որ այստեղ նրա կարիքը կա:

«Պատերազմը շարունակվում է, 1994 թվականի կռիվը չի ավարտվել: Պետք է Իսրայելի օրինակը վերցնել. ամեն մի հրթիռի դեմ պետք է տասը հատ կրակես, մենք դեռ չենք անում դա»,- նկատեց Մ. Անդրեասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս