Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նոր միջնորդություն կներկայացվի
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը:
Մեղադրող Հայկ Հարոյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ նշանակելով դատահոգեբանական փորձաքննություն՝ նախաքննական մարմինը նպատակ է ունեցել հոգեբանական վերլուծության ենթարկելու միջոցով պարզել դեպքի վայրում հայտնաբերված երկտողը գրողի հոգեբանական առանձնահատկությունները, այն գրելու ընթացքում հեղինակի ունեցած հոգեվիճակը, փորձաքննությանը տրամադրված ձեռագրերի և պատկերների հոգեբանական վերլուծությամբ ճշտել դրանք կատարած անձանց՝ այս գործով մեղադրյալների հոգեբանական առանձնահատկությունները: Մեղադրողը նշեց, որ նախաքննության մարմնին միաժամանակ հետաքրքրել է, թե ինչ հոգեվիճակ են ապրել 2015թ. հունվարի լույս 29-ի գիշերը դեպքի վայրում՝ թիվ 408 սենյակում գտնվող և այնտեղ տեղին ականատես դարձած կուրսանտները: «Այս բոլոր հարցերի պատասխաններն առերևույթ կարելի է ստանալ բացառապես հոգեբանական ոլորտի համապատասխան գիտելիքների տիրապետող մասնագետների, մեր դեպքում՝ իրավասու փորձագետների կողմից դատահոգեբանական փորձաքննություն կատարելու արդյունքում»,- ասաց մեղադրողը:
Նա նշեց նաև, որ նախաքննության մարմինը փորձագետներից չի պահանջել գնահատական տալ վկաների՝ արդեն իսկ տված ցուցմունքների բովանդակությանը. փորձագետներից պահանջվել է միայն հասկանալ նրանց ապրած հոգեվիճակը և իրենց գիտելիքների շրջանակներում պատասխանել՝ արդյոք նման հոգեվիճակ ապրած անձը տարած ապրումների, հույզերի պայմաններում ունակ կլինի՞ արդյոք ճիշտ կողմնորոշվել ստեղծված վիճակում, ըմբռնել և հասկանալ կատարվող իրադարձությունները, միջոցներ ձեռնարկել՝ կանխելու Հայկազ Բարսեղյանի նկատմամբ կատարված գործողությունները, և հետագայում ունակ կլինի՞ կատարվածն արժանահավատ վերարտադրել: Մեղադրողն ասաց, որ փորձագետներին առաջադրվել են իրենց իրավասության վերաբերող հարցեր: Նա նշեց, որ հաշվի առնելով դատահոգեբանական փորձաքննության միջոցով հարցերի պարզաբանումը ստանալու կապակցությամբ պաշտպանական կողմի առարկությունները և այդ կապակցությամբ դատարանի նկատառումները՝ կարծում է, որ որպես կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու այլընտրանք՝ առավել նպատակահարմար կլինի ստեղծված հակասական իրավիճակում նույն հարցերի շուրջ նշանակել համալիր դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություն:
Գործով ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը միջնորդեց հաստատել դատահոգեբանական փորձաքննության եզրակացության՝ որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը:
Նա նշեց, որ իր որոշմամբ՝ դատարանը հետաձգել է դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու մասին իր միջնորդության քննարկումը՝ մինչև էական հանգամանքների պարզումը: Փաստաբանն ասաց, որ միջնորդության քննարկումը հետաձգելը հիմնավորված չէ: Արմեն Նադիրյանի խոսքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը սահմանում է, որ վկայի կամ տուժողի՝ ունակ չլինելը՝ ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները, կարող են հաստատվել միայն դատահոգեբուժական փորձագետի եզրակացությունը նախապես ստանալով և հետազոտելով: Մինչդեռ, ըստ փաստաբանի, դատահոգեբանական փորձաքննության եզրակացության մեջ փորձագետները նշել են, թե վախի զգացողությունը չէր կարող ազդել վկաների կողմից դեպքերը ճիշտ ընկալելու, վերարտադրելու և արժանահավատ ցուցմունք տալու վրա:
Դատավորը միջնորդությունը թողեց առանց քննության՝ հաշվի առնելով, որ պաշտպանը նույն միջնորդությունը դատավարության նույն փուլում նույն փաստարկներով ներկայացրել էր դատարան: Դատավորը նշեց, որ միջնորդության վերաբերյալ արդեն իսկ տվել է իր գնահատականը, իսկ պաշտպանության կողմի կարծիքը գնահատում է՝ որպես անհամաձայնություն դատարանի որոշման հետ: