«Հայ համայնքին ուղղված Էրդողանի սպառնալիքը կարող է զսպել միջազգային հանրությունը, որը լռում է». Բագրատ Էստուկյան
«Առայժմ Թուրքիայի հայ համայնքն իր դեմ շոշափելի գործողություններ չի տեսնում Թուրքիայի իշխանությունների կողմից»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը` անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի` ՀՀ-ին ու Թուրքիայի հայ համայնքին ուղղված սպառնալիքներին:
Հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Խորվաթիա այցի ժամանակ ասել էր. «Հայաստանը խաղում է կրակի հետ: Մոտ 100 հազար հայ է ապրում Թուրքիայում, որոնք մեր երկրի քաղաքացիները չեն հանդիսանում: Մենք հանդուրժող վերաբերմունք ենք ցուցաբերում նրանց հանդեպ, ովքեր չունեն մշտական բնակության թույլտվություն: Ծագումով հայ Թուրքիայի քաղաքացիներին մենք վերադարձրել ենք նրանց ֆոնդային գույքը, ինչի մասին ես հայտնել եմ ապրիլի 24-ին: Մենք ցուցաբերում ենք մեր բարի կամքը»:
Բագրատ Էստուկյանն ասաց, որ չնայած Թուրքիայի իշխանությունների` Հայաստանին ու Ղարաբաղին ուղղված ագրեսիվ հայտարարություններին, Թուրքիայի հայ համայնքն իրեն առայժմ վտանգված չի զգում, քանի որ երբեք վերջին տարիների ընթացքում Թուրքիայի իշխանությունների կողմից ուղիղ սպառնալիք չի եղել: Նրա խոսքով, միջադեպեր, անախորժ իրադարձություններ եղել են, բայց դրանք լայնածավալ բնույթ չեն կրել:
Բայց, ըստ նրա, հայ համայնքի նկատմամբ լարվածությունը Թուրքիայում սրվում է Ղարաբաղում ծավալվող իրադարձությունների հետևանքով, հետևաբար՝ հայ համայնքի համար այս հարցը սկսում է մտահոգիչ դառնալ, ու երբ հրապարակային նման հիշատակումներ են արվում, դա ահազանգ պետք է լինի: «Այս պահին որևէ շոշափելի զարգացում հայ համայնքի դեմ չկա, բայց պետք է զգուշանալ՝ հաշվի առնելով իշխանությունների քաղաքական արատավոր ավանդույթները»,- ասաց Էստուկյանը:
Վերջինիս համոզմամբ՝ այս հայտարարությունները չպետք է շրջանցվեն միջազգային հանրության կողմից, քանի որ դրանք հրապարակային սպառնալիքներ են: «Միակ լծակը Թուրքիայի իշխանությունների դեմ միջազգային ճնշումները կարող են լինել, բայց, ինչպես տեսնում ենք, նման արձագանքներ չկան, ինչը մտահոգիչ է, քանի որ Արևմուտքը որոշ հարցերում համագործակցում է Թուրքիայի իշխանությունների հետ և կախված է նույնիսկ նրանցից: Ուստի հայ համայնքը պետք է հույսն իր վրա դնի և զգուշանա»,- նման տեսակետ հայտնեց Բագրատ Էստուկյանը: