Բաժիններ՝

Ինչն է հետաքրքրում ՊԵԿ-ին Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալում

«Պետական եկամուտների կոմիտեն հետաքրքրված է այնքանով, որքանով նման դեպքերում կա՞ն հարկումից խուափելու երևույթներ, թե՞ չկան հարկումից խուսափելու երևույթներ: Ի վերջո, Պետական եկամուտների կոմիտեն կարող է իրացնել այն հսկողական գործիքակազմը, որով օրենսդրությամբ օժտված է:

Այսօր Պետական եկամուտների կոմիտեն օրենսդրությամբ կարող է ստուգումներ իրականացնել կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի մոտ: Իհարկե, ցանկացած պարագայում և ցանկացած դեպքում, երբ Պետական եկամուտների կոմիտեն կիրականացնի նման ստուգումներ և կտեսնի, որ կա փոխկապակցվածություն օֆշորային գոտիներում գրանցված կազմակերպությունների հետ, և դրա արդունքում կան պետությանը չվճարված հարկեր, բնականաբար, Պետական եկամուտների կոմիտեն կարձագանքի»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալին:

Հարցին՝ արդյոք կոնկրետ Միհրան Պողոսյանի գործն ուսումնասիրվե՞լ է, թե՞ ոչ, Վախթանգ Միրումյանը կրկին պատասխանեց, որ ի սկզբանե ռիսկային չափանիշներով հայտարարվում է, թե որ տնտեսվարող սուբյեկտներն են ստուգման ենթակա, այդ կազմակերպությունների ստուգումներն ավարտվելու են մինչև տարվերջ. «Եթե այդ կազմակերպությունների ստուգումներում կպարզվի, որ կան փոխկապակցված ընկերություններ օֆշորներում, առհասարակ խոսքը բոլոր դեպքերին է վերաբերում, բնականաբար, յուրաքանչյուր դեպքով Պետական եկամուտների կոմիտեն արձագանքում է»: Վախթանգ Միրումյանը նշեց, որ, եթե որևէ ֆիզիկական անձ օֆշորային գոտում ունի հաշիվներ, և այդ հաշիվներում առկա են գումարներ, դա դեռ չի նշանակում, որ դրա արդյունքում կան պետությանը պակաս վճարված հարկեր:

Նրա խոսքով՝ ստուգումները չեն կարող իրականացվել 10 օրում, բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումները կարող են տևել բավական երկար ժամանակ, մանավանդ, եթե խոսվում է ՀՀ-ում չգտնվող կազմակերպությունների մասին: Միևնույն ժամանակ՝ նա նշեց, որ հարուցված քրեական գործի հիման վրա կարող է նշանակվել հարկային ստուգում:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս