«Կոմերսանտը» բացահայտել է ՀՀ ՊՆ բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկության պատճառները
Ռուսական հեղինակավոր «Կոմերսանտ» պարբերականը ծավալուն հոդված է գրել՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Bloomberg-ին տված հարցազրույցին և Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկության պատճառներին:
Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների վերսկսումը, որոնք պետք է սկսվեին Մոսկվայի միջնորդությամբ, հետաձգվում է: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է նոր երկխոսության համար բարենպաստ պայմանների բացակայության մասին, որի մասին արդեն ավելի վաղ հայտարարել էին Բաքվում և Մոսկվայում: Հայաստանի նախագահը նաև պայմաններ չի տեսնում հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման մասին ու ամենևին էլ «նոր» չի համարում այն առաջարկները, որոնք անցած շաբաթ Երևան էր բերել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «Կոմերսանտը»::
Ըստ պարբերականի՝ Bloomberg-ին տված Սերժ Սարգսյանի հարցազրույցը սառեցրեց ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների վերսկսմամբ ոգևորվածների կրքերը: Այն մասին, որ Երևանն ու Բաքուն պատրաստ են վերսկսել բանակցությունները, հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Ալի Հասանովը, սակայն Սերժ Սարգսյանը շտապեց չհամաձայնել Բաքվի ու Մոսկվայի հայտարարությունների հետ: Պատճառներից մեկը վստահության և անվտանգության երաշխիքների բացակայությունն էր:
Հայաստանի նախագահը հստակ հասկացրեց՝ երկրում հասարակական կարծիքը հիասթափված է Ռուսաստանի գործողություններից, որը փորձում է հավասարակշռություն պահպանել Երևանի և Բաքվի միջև: Ավելին, նա ընդգծեց, որ հիասթափությունը կարող է ավելի խորանալ: Սերժ Սարգսյանը չի տեսնում նաև հնարավորություն հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման համար: «Կոմերսանտի» տեղեկություններով՝ խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի մասին էր:
Պարբերականը նշում է, որ Bloomberg-ին տված հարցազրույցից մեկ օր անց Սերժ Սարգսյանը փոփոխություններ կատարեց երկրի ուժային կառույցների ղեկավար մարմինների կազմում՝ աշխատանքից ազատելով միանգամից երեք բարձրաստիճան զինվորականի՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզբաբեկյանին, ՀՀ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին և զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին։
«Կոմերսանտը», հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրին, գրում է, որ բարձրաստիճան զինվորականներին աշխատանքից ազատելն անմիջական կապ ունի Լեռնային Ղարաբաղում կատարվող վերջին իրադարձությունների հետ: Արշակ Կարապետյանը պաշտոնանկ է արվել այն բանի պատճառով, որ չի կարողացել երկրի բարձրագույն ղեկավարությանը նախապես իրազեկել այն մասին, որ Ադրբեջանը ծանր սպառազինություն է մոտեցնում շփման գծին: Խոսքը, մասնավորապես, ТОС-1А համակարգի մասին է, որի կիրառման հետևանքով հայ զինծառայողները մեծ կորուստներ են կրել:
Բացի այդ՝ պարբերականը հաղորդում է, որ ԼՂ հիվանդանոցներում տուժածների համար չեն եղել հակաայրվածքային միջոցներ, որոնք շտապ կարգով Մոսկվայից ուղարկվել են:
«Կոմերսանտի» տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանն աշխատանքից հեռացվել է «հայ զինծառայողներին մատակարարման հետ կապված թերացումների» համար, իսկ Կոմիտաս Մուրադյանի պաշտոնակության պատճառը «զորքերի միջև խնդիրներն են եղել, որ ի հայտ են եկել հակամարտության սրացման ժամանակ»:
Կրեմլում դեռ չեն մեկնաբանում Երևանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման հարցի վերաբերյալ, գրում է պարբերականը: